Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջանի 3-րդ ոլորանում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Վ., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 40 մ) ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Ամալյա Ս.-ն (ծնված 1964 թ.), տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: