Բաժիններ՝

«Մենք՝ զինվորականներս, այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար». Կարեն Աբրահամյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ:

Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար միավորեց ամբողջ հայությանը: Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ, մարտական գործողություններին զուգընթաց, ձևավորվեցին Արցախի պետական կառավարման համակարգն ու պաշտպանության բանակը: Համաժողովրդական միասնականության, մարտադաշտում ամեն օր կատարվող անօրինակ սխրանքների, հեռատես և ճկուն կառավարման արդյունքում նորանկախ Արցախը կարողացավ ռազմական հաղթանակ տանել և հրադադար պարտադրել նախահարձակ Ադրբեջանին:

Հրադադարի հաստատումից հետո ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի դժվարին պայմաններում Արցախի Հանրապետությունը պատմական առումով չափազանց կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ օրենքի գերակայության, ժողովրդավարության, կայուն տնտեսական զարգացման երկիր՝ միևնույն ժամանակ կառուցելով մարտունակ զինված ուժեր և առանց երրորդ ուժի ներգրավման ապահովելով սեփական սահմանների անվտանգությունը:

Ադրբեջանի՝ 2016 թվականի ձախողված ռազմական արկածախնդրությունը նորից ողջ աշխարհին ցույց տվեց, որ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է, որ հայ զինվորականը հերոսական ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, որ հայ ժողովուրդը հայրենիքի պաշտպանության հարցում ավելի միակամ և վճռական է, քան երբևէ:

Այս տոնը հերթական առիթն է նաև նորից հիշելու բոլոր նրանց, ովքեր հայրենիքին են զոհաբերել ամենից թանկը՝ սեփական կյանքը:

Փառք մեր զոհված զինակիցներին:

Նրանց հիշատակը հավերժ է: Նրանց անունները սուրբ են ցանկացած հայի համար:

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի ազատամարտիկներ,

Պաշտպանության բանակի հարգելի զինծառայողներ,

ՊԲ հրամանատարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազատ և անկախ Արցախը ողջ հայ ժողովրդի հպարտությունն է: Պաշտպանության բանակը ամուր կանգնած է Արցախի անկախության, հայ ժողովրդի արժանապատվության ու ապագայի պաշտպանության դիրքերում: Մենք՝ զինվորականներս, այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս