Բաժիններ՝

Զովունիում առանձնատանը թունավոր իժ են սպանել

Բնակելի տներում օձերի հայտնվելու փաստն այսօր այլևս որևէ մեկին չի զարմացնում: Գարնան սկզբից, եղանակների տաքանալուն պես՝ օձերը հայտնվեցին հանրապետության ողջ բնակելի տարածքում: Սովորաբար սողունները մարդկանց բնակավայրերից հեռու են լինում, բայց արդեն քանի տարի է` տեղափոխվել են բնակելի տարածքներ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ մարդիկ ներխուժել են նրանց բնակավայրեր` ոչնչացնելով այգիները, անտառածածկ տարածքները, օձերն էլ տեղափոխվել են մարդկանց բնակավայրեր: Խախտվել է բնության ներդաշնակությունը:

Օձերն ազատ ներթափանցում են մարդկանց տները: Երեկ գիշերը, Կոտայքի մարզի Զովունի համայնքում ևս մեկ դեպք գրանցվեց: Օձը ներթափանցել էր առանձնատուն: Զովունի համայնքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2 ամիս առաջ իրեն խայթել է թունավոր գյուրզան, որի պատճառով բավական երկար ժամանակ ստիպված է եղել անցկացնել հիվանդանոցում:

Իսկ երեկ երեկոյան, իրենց բակից հայտնաբերվել է այս տարի արդեն թվով 6-րդ օձը, որը թունավոր իժ էր: Բնակիչները սպանել են օձին: «Եթե անցյալ տարի մեկի տանը հանկարծ օձ էին հայտնաբերում` բոլորը զարմանում էին, թե այդ ինչպե՞ս է սողունը հայտնվել մարդու տանը: Այս տարի դրանից ոչ ոք չի զարմանում: Սովորական երևույթ է դարձել»,- պատմում են համայնքի բնակիչները: Նրանք այլևս չեն էլ ահազանգում Արտակարգ իրավիճակների ծառայությանը, այլ իրենց ուժերով սպանում են:

Մեր այն հարցին, թե ո՞րն է, ըստ բնակիչների, սողունների` իրենց առանձնատներ ներթափանցելու պատճառները, բնակիչները պատասխանեցին, որ Դավիթաշեն կամրջից մինչև Զովունի համայնք ընկած ձորում շինարարական աշխատանքներ են ընթանում: Մարդիկ քանդում են օձերի բները, իսկ օձերն էլ փորձում են գալ և հաստատվել մարդկանց տներում: Բացի այդ, բնակիչները նաև մտածում են, որ օձերի ակտիվությունը պայմանավորված է նաև այս տարվա շոգերով: Ձորի քարերի տաքությունը ստիպում է սողուններին առավել հով միջավայր փնտրել: Ծառահատումների պատճառով զով տարածքները վերացել են: 168.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից փորձեց տեղեկություն ստանալ իրենց մոտ գրանցված՝ այս տարվա օձի խայթոցների դեպքերի վերաբերյալ: Ըստ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տրամադրած տվյալների` այս տարի իրենք հանրապետության տարածքում գրանցել են օձի խայթոցի 30 դեպք, որից մեկը՝ մահվան ելքով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս