«Երկիրը մնում է խոսելու մակարդակի վրա». հոգեբան

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ նոր իշխանությունը՝ որպես աշխատանքային թիմ, չի ձևավորվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ կառավարության աշխատանքը բավարար չի գնահատում. «Աշխատանք, որպես այդպիսին, անկեղծ ասած, չի երևում որևէ ճյուղային ոլորտում, որն ունի ծրագիր, իր պատկերացումներն այդ ոլորտի վերաբերյալ: Ինչ է տեղի ունենում. վարչապետն ասում է մի բան, ամբողջ կառավարությունը սկսում է եթեր մտնել, գրառումներ անել այդ նույն բանի մասին: Ինչ-որ մեկի մասին պետք է վատ խոսեն, վատ են խոսում: Հարց է առաջանում՝ իսկ որո՞նք են ձեր աշխատանքային ժամերը, ե՞րբ եք աշխատելու»:

Ստեփան Մարգարյանը բազմաթիվ հակասություններ է տեսնում նախկինում ասվածի ու այսօր  բարձրաձայնվողի միջև. «Իշխանությանը չհաջողվեց կայանալ. Չգիտեմ՝ կա՞ դեռ ժամանակ, կկարողանա՞ն իրենց թափ տալով ինչ-որ բան անել, թե՞ ոչ, բայց այս պահին չի կայացել, և սա  վտանգավոր է  երկրի համար»։

Հակասություններ ու ոչ արհեստավարժ գործելաոճ է արձանագրում նաև հոգեբան Միհրդատ Մադաթյանը. «Իշխանափոխությունից հետո այս իշխանություններն արդեն 1.5 տարի  զբաղվում են ինքնակայացմամբ, ոչ թե՝ երկրի խնդիրները լուծելով:   Երկիրը խնդիրներով մոտենում է անդունդին: Միայն սեփական գովերգով հնարավոր չէ երկիրը պահել»:

Հոգեբանը սին փաստարկներ համարեց տնտեսական աճի մասին ցուցանիշները. «Ասել՝ մենք ունենք տնտեսական աճ, բայց իրականում ժողովրդի սառնարաններում այդ տնտեսական աճը ոչ մի կերպ չի գրանցվել»:

Մ. Մադաթյանն անդրադարձավ նաև վարչապետի ֆեյսբուքյան գրառումներին՝ նշելով, որ կարևորություն է տրվում փաստերի, որոնց այսօրվա կարևորությունը չի հասկանում.

«Մարզպետներից քանիսն են ծխում, քանիսը չեն ծխում…: Դա այն փաստը չէ, որ առաջին դեմքի արտահայտվելու խնդիրն է, այն դեպքում, երբ մենք ունենք Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված խնդիրներ, տնտեսական խնդիրներ, Արցախի խնդիրը:

Եվ քանի որ այսօր մենք արհեստավարժ չենք, մեր ամբողջ երկիրը վերածվել է «Հայկական Ժամանակ» թերթի: Մենք ունենք մի հատ մեծ՝ 3 միլիոնանոց «Հայկական Ժամանակ» թերթ, ունենք գլխավոր խմբագիր, որ կարողանում է շատ լավ հոդվածներ գրել, որոնք բավականին աղմուկով ընդունվում են, բայց իրականում՝ «Հայկական Ժամանակ» թերթը մշտական  ֆինանսավորման կարիք է ունեցել, որովհետև ինքն իրեն երբեք չի կարողացել պահել՝ որպես բիզնես. դա հնարավոր էլ չէր լինի: Ու մեր երկիրը վերածվում է մշտական ֆինանսավորման կարիք ունեցող մի համակարգի, որն ուղղակի սիտուատիվ տալիս է որոշակի ինֆորմացիա, ընդ որում՝ մի շաբաթ առաջ տրված ինֆորմացիան կարող է հակասության մեջ լինել այսօրվա տված ինֆորմացիայի հետ»:

Հոգեբանը նշում է, որ խոսելով բարձր գաղափարների մասին՝ կոնկրետ քայլեր այդպես էլ չեն արվում. «Երկիրը մնում է խոսելու մակարդակի վրա»:

Ըստ նրա՝ կառավարության արհեստավարժության մակարդակը երևում է  Ամուլսարի գործընթացներում. «Երբ Ամուլսարի գործը քննում է քննչական մարմինը, մի քիչ ինձ համար անհասկանալի է. էդ դեպքում ի՞նչ դերակատարում ունի ՀՀ-ում Բնապահապանության նախարարությունը: Երկրորդը՝ 1 ժամ քանի րոպեանոց լայվ է տեղի ունենում վարչապետի կողմից՝ ամբողջն ուղղված է նրան, որ Ամուլսարը պետք է գործարկվի, և արանքում, իմիջիայլոց, ասվում է մի ինֆորմացիա, որ ՇՄԱԳ չի արվել, և հին ՇՄԱԳ-ի տվյալներով՝ տվել ենք փորձաքննության, այնինչ ես գիտեմ, բոլորս ենք տեսել, որ դրա նախորդող օրերին բնապահպանները երբ փորձում էին իրենց բողոքն արտահայտել, բողոքը հենց դրանում էր կայանում, որ նոր ՇՄԱԳ չի արվել»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս