Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պայքարելու է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ստանալու համար: Այս մասին Ջուլֆալակյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես պարտադիր մասնակցելու եմ պաշտոնական մրցումներին, իմ նպատակն անփոփոխ է, պայքարելու եմ առնվազն մինչև Տոկիո-2020-ի ուղեգիր ստանալս: Հավաքականի կազմում կմասնակցեմ, թե առանձին՝ կորոշենք իմ մարզիչների՝ Լևոն և Արամ Ջուլֆալակյանների հետ»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:
Օգոստոսի 27-ին՝ Արսեն Ջուլֆլակյանի հայրը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: