«Ինքնաներշնչանքն արևելյան մարտարվեստի կարևոր բաղադրիչ է, բայց արևելյան մարտարվեստով պետություն չեն պահում». Գևորգ Պետրոսյան
«Հարգելով վարչապետին՝ ինձ համար այդ Վիճակագրական ծառայության թվերը վստահություն չեն ներշնչում։ Ինձ համար կյանքն է կարևոր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի կողմից իր ֆեյսբուքյան էջում ներկայացվող ցուցանիշներին, ըստ որոնց՝ տարբեր ոլորտներում ունենք աճ:
Պատգամավորը խորհուրդ տվեց դուրս գալ փողոց և շփվել ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ՝ նկատելով, որ բոլորը դժգոհում են։
«Ո՞ւր է այդ աճը, ինչո՞վ պետք է տեսնենք։ Հասկացանք՝ գլխում հաղթահարենք, այո, ինքնաներշնչանքն արևելյան մարտարվեստի կարևոր բաղադրիչ է, բայց գլխում հաղթահարելով, արևելյան մարտարվեստով պետություն չեն պահում, ժողովուրդ չեն կերակրում։ Բայց ինչքա՞ն կարելի է սին լավատեսությամբ ապրել։ Ինձ համար ցուցանիշը ժողովրդի ապրելակերպն է: Բա եթե զարգացում կա, մարդ ինչի՞ է իր հողից գնում»,- հավելեց նա:
Զարուհի Դիլանյան