Ժերար Դեպարդիեն կմարմնավորի Բրեժնևին
Ժերար Դեպարդիեն համաձայնել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին մարմնավորել «Մարդկային դեմք» աշխատանքային անվանումը կրող ֆիլմում: Կինոնկարը, որը նկարահանելու է խորվաթ ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչը, նվիրված է 1968 թվականի օգոստոսյան իրադարձություններին եւ «Պրագայի գարնան» գլխավոր հերոսին՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկին:
«Պարոն Դեպարդիեյի հետ մենք ստորագրել ենք պարտավորագիր,- CTK գործակալությանը հայտնել է ժապավենի պրոդյուսեր Անդրեյ Լեկան:- Սեպտեմբերին մենք նրա ու իր թիմի հետ կտեսնվենք Փարիզում եւ կքննարկենք ֆիլմի նկարահանումների մանրամասները»:
Առայժմ ֆիլմի սցենարը պատրաստ է կիսով չափ:
Ներկայում դրա հեղինակը՝ սլովակցի սցենարիստ Կարոլ Գլավկան, Պրահայում գրում է սցենարի վերջաբանը, որը պետք է պատրաստ լինի սեպտեմբերի վերջին: Պլանավորվում է, որ նկարահանումները կսկսվեն 2021 թվականին, իսկ ժապավենը մեծ էկրանին կհայտնվի 2022 թվականին:
Ֆիլմի ենթադրվող բյուջեն 250 մլն կրոն է (ավելի քան 10 մլն դոլար), ինչը ֆիլմը դարձնում է սլովակցի կինեմատոգրաֆիստների կողմից երեւիցե նկարահանվածներից ամենաթանկը: Առայժմ հայտնի չէ, թե ով կլինի Դուբչեկի դերակատարը:
«Նրան կմարմնավորի համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններից մեկը, բայց նրա հետ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել»,- հայտնել էԷ Անդրեյ Լեկան:
Չեխոսլովակիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ալեքսանդր Դուբչեկը (1921-1992 թթ.) 1968 թվականի սկզբին Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում (ՉՍՀ) «մարդկային դեմքով» սոցիալիզմի կառուցման կուրս էր վերցրել եւ ընդգրկուն ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու փորձ նախաձեռնել: Այդ ժամանակաշրջանը, որն ստացել է «Պրահայի գարուն» անվանումը, ավարտվել է 1968 թվականի օգոստոսին, երբ երկիր մտցվեցին Վարշավյան պայմանագրի երկրների (ԽՍՀՄ, ԳԴՀ, Լեհաստան, Հունգարիա եւ Բուլղարիա) զորքերը:
Դուբչեկն ինքը դրանից հետո հեռացվեց Կոմկուսից, զրկվեց պատգամավորական լիազորություններից եւ ուղարկվեց Սլովակիա, որն այն ժամանակ ՉՍՀ-ի մաս Էր կազմում, որտեղ մինչեւ 1981 թվականին կենսաթոշակի անցնելն աշխատել Է անտառային տնտեսության համակարգում: Ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչը «Պրահայի գարնան» իրադարձությունների ականատեսն Է եղել, քանի որ այդ ժամանակ սովորում էր Պրահայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (FAMU), որն ավարտել է 1971 թվականին:
Ներկայում նա ապրում է Պրահայում, բայց տարվա կեսը սովորաբար անցկացնում Է Խորվաթիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: