Բաժիններ՝

«Հաշիվը արտացոլում էր խաղը». մարզիչները՝ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպման մասին

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ անցկացված առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի» նկատմամբ:

Խաղի մասին են խոսել երկու թիմերի մարզիչները:

Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո նշում է, որ հանդիպումը բարդ էր երկու կողմերի համար էլ:

«Ինձ դուր եկավ թիմի բնավորությունը, որը նա ցուցադրեց խաղի ավարտին: «Դյուդելանժին» կարող եմ համեմատել «Սաբուրթալոյի» հետ։

«Դյուդելանժը» Եվրոպա լիգայում մեր ամենաբարդ մրցակիցն է: «Դյուդելանժի» թիմային խաղը ավելի բարձր մակարդակի վրա է, քան «Սաբուրթալոյինն» էր: Մրցակիցը շատ լավ տպավորություն թողեց»:

Վարդան Միանյանը նշում է, որ թիմի ֆուտբոլիստ Անտոն Կոբիալկոն այս խաղում մի փոքր պասիվ էր, քանի որ պասիվ էր նաև Պետրոս Ավետիսյանը: Բայց, այնուամենայնիվ, ինքը վստահում է այս ֆուտբոլիստներին, և նրանք շատ կարևոր են թիմի համար:

«Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆեռերան նշում է, որ հանդիպման հաշիվը արտացոլում է խաղը: Մարզչի խոսքով, իր թիմը հատկապես դժվարություններ ունեցավ առաջին խաղակեսի 15-30 րոպեներին:

«Շատ պահեր կային, որ ակնհայտ էին, բայց մենք չկարողացանք օգտագործել: Մենք երկրորդ կեսում շատ ավելի լավ էինք խաղում, բայց բաց թողեցինք երկրորդ գնդակը:

«Արարատ-Արմենիան» մեր ամենաբարդ մրցակիցը չէր Եվրոպա լիգայում: Մեր բոլոր մրցակիցներն էլ բարդ էին, պետք չէ համեմատել այդ թիմերին»:

Էմիլիո Ֆեռերան նշում է, որ այս դիմակայությունում ոչինչ դեռ որոշված չէ, հանդիպումը ավարտված չէ և երկրորդ խաղում ամեն ինչ հնարավոր է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս