Բաժիններ՝

Կիա Ջուրաբչյան և Զահավի. Վաստակել ֆուտբոլիստներից շատ, խախտել ՖԻՖԱ-ի կանոնները և ճնշել ակումբներին

Գործակալները մեղադրվում են սպորտով առևտուր անելու, գների և աշխատավարձերի բարձրացման, երիտասարդների վրա վատ ազդեցության և Ջերարդի և Տոտտիի պես հավատարիմ խաղացողների աստիճանական ոչնչացման մեջ: Ընդհանուր առմամբ, նրանց մեղադրում են այն ամենի համար, ինչ անցած քսան տարիների ընթացքում ֆուտբոլը դուրս է բերել գնդակի և դաշտի սահմաններից:

Նրանք դարձան փոփոխության խորհրդանիշ և, միևնույն ժամանակ, չարիքի բնութագրում: Ավելին, նրանք հայտնվեցին շատ անսպասելի,  և անսպասելի էր նաև նրանց նկատմամբ վերաբերմունքը:

Նրանց գործունեության մասշտաբները տպավորիչ են: Նրանք մեծ գումարներ են վաստակում (աշխարհի 5 ամենահաջող մարզական գործակալներից 3-ը ֆուտբոլից են), նրանք լիովին վերահսկում են տրանսֆերային համակարգը և փոխել են հաճախորդների հետ հարաբերությունների տրամաբանությունը (լավագույն գործակալները վաղուց արդեն հրամայում են ֆուտբոլիստներին, չնայած նրանք ֆորմալ կերպով աշխատում են նրանց համար):

Հիմա ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթեժ շրջանն է, երբ ակումբները փորձում են  վերջին ջանքերը ներդնել և բանակցել շատ կամակոր գործակալների հետ: Ստորև պատմելու ենք այդ ամենակամակոր և հաջողակ գործակալներից երկուսի՝ Կիա Ջուրաբչյանի և Զահավիի մասին:

Կարդացեք նաև

Ջուրաբչյանը լրջորեն զբաղվում է Կոուտինիոյի կյանքով, Զահավին մտերմություն է անում օլիգարխների հետ:

Կիա Ջուրաբչյանն իր համար շահավետ և հաջողակ գործարքներ է կնքել Ռամիրեսի, Ռոբինյոյի, Կառլոս Տևեսի, Խավիեր Մասկերանոյի, Մարկինիոսի, Դավիդ Լուիսի, Վիլիանի, Ալեքս Տեյշեյրայի, Դուգլաս Կոստայի, Ժոաու Մարիուի, Օսկարի, Տեմույ Բակայոկոյի, Գաբրիել Բարբոսայի և, իհարկե, Ֆիլիպե Կոուտինիոյի մասնակցությամբ:

Ջուրաբչյանը եկավ ֆուտբոլ ներդրումային բիզնեսից և իր հետ բերեց փող, կապեր (տարբեր ժամանակներում  AS-ը և Daily Mail-ը գրել են, որ նրա թիկունքին կանգնած են Բերեզովսկու, Աբրամովիչի և Պատարկացիշվիլիի նման միլիարդատերեր) և համարձակ մեթոդներ:

Հենց նա էր, որ երևան բերեց երրորդ կողմի սեփականության մեթոդը. նա հիմնել էր ֆոնդ, որը գնում էր ֆուտբոլիստների իրավունքները: Նրա պատճառով 2008 թվականին արգելվեց այդ պրակտիկան Անգլիայում (սկանդալ էր եղել Տևեսի և Մասկերանոյի շուրջ, որոնց իրավունքները պատկանել են Ջուրաբչյանի օֆշորային ընկերություններին):

Ջուրաբչյանի գործարքներն ունեն երեք բնութագիրներ՝ մեծ գումարներ, մեծ միջնորդավճարներ և մեծ ձախողումներ:

Կիան աշխատում է առանց գործակալների լիցենզիայի և, հետևաբար, չի սահմանափակվում FIFA-ի կողմից սահմանված՝ գործակալների 10%-ի կանոնով (կանոն, ըստ որի՝ գործակալի միջնորդավճարը չի կարող գերազանցել 10%-ը). նա իր աշխատանքը գնահատում է շատ թանկ:

Օրինակ, 2009 թվականին բավականին ճկուն բիզնես վարող «Մանչեսթեր Սիթիի» տնօրենները պետք է Կակայի համար վճարեին 107 միլիոն ֆունտ, իսկ այդ գումարից 28 միլիոն ֆունտը պետք է ստանար Ջուրաբչյանը:

Սակայն Ջուրաբչյանի տրանսֆերները հաջողակ են իր, բայց ոչ ֆուտբոլիստների համար: Ամենաթարմ օրինակը բրազիլացի Կոուտինիոյի տրանսֆերն է: Ջուրաբչանը ֆուտբոլիստի՝ Բարսելոնա տեղափոխվելուց հետո ստացավ մեծ գումար, բրազիլացին չհարմարվեց կատալոնական ակումբում և վարձավճարով տեղափոխվեց Գերմանիա, ինչը ևս շատ ձեռնտու էր Կիայի համար: Սակայն, պետք է նշել, որ Ջուրաբչյանը շատ խորամանկ և պրոֆեսիոնալ գտնվեց և պահեց իր հաճախորդի՝ կատալոնական ակումբ վերադառնալու հավանականությունը: Արդյունքում՝ Կոուտինիոն ոչ թե վաճառվեց ՊՍԺ-ին, այլ  վարձակալությամբ տեղափոխվեց Գերմանիա:

Փինի Զահավին այնքան հայտնի չէ, որքան Ռայոլան և Մենդեշը, բայց դուք, անշուշտ, լսել եք նրա գործարքների մասին: Նա իրագործել է Ռիո Ֆերդինանդի ռեկորդային տրանսֆերը 2002-ին՝ «Լիդսից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», օգնել է Աբրամովիչին գնել «Չելսին» 2003 թվականին, բերել է «Չելսի» դե Բրյունեին և Լուկակուին:

Զահավին ֆուտբոլում է ավելի քան քառասուն տարի, մտերիմ է արաբ և ռուս միլիարդատերերի հետ, լայնածավալ կապեր է հաստատել Բալկաններում և Կենտրոնական Եվրոպայում, բայց մնում է ստվերում:  Նրա ազդեցության մասին կան լեգենդներ. Փինին մասնագիտացած է անհնարին թվացող գործերում: Զահավին գործում է շատ գաղտնի: Նրա անունը շատ քիչ կարելի է հանդիպել ինչ-որ գործարքներում: Եվ, անգամ մեծ ցանկության դեպքում, բարդ կլինի ապացուցելը, որ նա մասնակցել է ինչ-որ պայմանագրի կնքման:

Երբ մի քանի տարի առաջ հայրը վերցրեց Մարկո Գրուիչի անձնագիրը՝ «Լիվերպուլ» տեղափոխությունը խափանելու համար, Զահավին ստանձնեց տրանսֆերը: Դա տեղի ունեցավ. Գրուիչ-ավագը ավտովթարից հետո փոխեց իր կարծիքը «Լիվերպուլի» մասին:

«Չկա ոչինչ, որը ես չկարողանամ կարգավորել: Համաշխարհային ֆուտբոլում չկա մի անցք, որում ես չեմ ունենա ազդեցություն և ուժ»,- ասել է Զահավին EIC-ին տված հարցազրույցում:

Զահավին գնում է տաղանդավոր խաղացողներին՝ հիմնադրամների կամ գործընկեր ակումբների միջոցով: Մի քանի տարի առաջ նա Անդրիա Ժիվկովիչի գործարքից մեծ գումար վաստակեց. նրա նկատմամբ իրավունքների մի մասը պատկանում էր Կիպրոսում գործող «Ապոլլոյին» (այսինքն ՝ Զահավիին), երկրորդ մասը՝ «Պարտիզանին»: «Պարտիզանը» կարող էր մերժել ցանկացած առաջարկ, բայց յուրաքանչյուր մերժումից հետո առաջարկվող գումարի կեսը փոխանցվում էր «Ապոլլոյին»:

Զահավիի ամենաքննարկվող և այժմ ամենաարդիական գործարքը բրազիլացի Նեյմարի մասնակցությամբ է: Նա Նեյմարին դարձրեց ամենաթանկ ֆուտբոլիստն աշխարհում (222 միլիոն եվրո), իսկ այժմ փորձում է նրան վերադարձնել Կատալոնիա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս