Միգրանտների փոխադրող Open Arms նավին թույլատրել են տարհանել 9 մարդու
Իսպանիայի Proactiva ոչ կառավարական կազմակերպությունը (ՈԿԿ) Twitter-ում հայտնել է Open Arms նավից ինը մարդու տարհանելու թույլտվություն ստանալու մասին, որը կանգնած Է իտալական Լամպեդուզա կղզուց ոչ հեռու:
«Իրադրությունը նավի վրա բարդանում է րոպե առ րոպե: Թույլատրել են տարհանել ութ մարդու, որոնք շտապ օգնության կարիք ունեն, եւ մեկ ուղեկցողի»,- ասված է կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ չի ճշտվում, թե ուր են ուղարկելու տարհանված միգրանտներին:
Open Arms նավը կանգնած է իտալական Լամպեդուզա կղզուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, բայց Իտալիայի իշխանությունները նավին չեն թույլատրում մտնել նավահանգիստ: Իսպանիայի իշխանություններն ակտիվիստների՝ Անդալուզիայի Ալխեսիրաս նավահանգիստ մեկնելուց հրաժարվելուց հետո առաջարկել են միգրանտներին ընդունել Բալեարյան կղզիներում՝ կա՛մ Պալմա դե Մալիորկայում, կա՛մ Մաոնում: ՈԿԿ-ն դեռեւս չի համաձայնում նավն ուղարկել իսպանական նավահանգիստներ՝ պատճառ բերելով «անտանելի իրադրությունը», որն ստեղծվել է նավի վրա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մի քանի միգրանտներ, իմանալով իսպանական իշխանությունների առաջարկության մասին, նետվել են ջուրը՝ լողալով մինչեւ իտալական ափ հասնելու համար: Շուրջ հարյուր միգրանտներ արդեն 19 օր է՝ գտնվում են Open Arms փրկարարական նավի վրա:
Ավելի վաղ միգրանտների տեղաբաշխմանը մասնակցելու պատրաստակամության մասին հայտնել են Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Պորտուգալիան, Իսպանիան եւ Լյուքսեմբուրգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: