Մանվել Գրիգորյանը ներկա չէ դատական նիստին, պաշտպանական կողմը որպես փորձագետ՝ ներկայացրել էր ֆրանսահայ ուռուցքաբանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։
Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին. Դատավորը տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Նաիրի ԲԿ տեղեկանքն այն մասին, որ Մ. Գրիգորյանն ի վիճակի չէ մասնակցելու այսօրվա դատական նիստին՝ առողջական վիճակի պատճառով:
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացրել էր ֆրանսահայ ուռուցքաբան փորձագետի՝ Նորբերտ Ավետյանին, ով շուրջ 8 տարի հետևել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ վիրահատել, նշանակել դեղամիջոցներ: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը ճառագայթում և քիմիաթերապիա է ստացել։
Դատախազը հարցեր հղեց բժշկին, թե ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է բժիշկը Մ. Գրիգորյանի հետ, և արդյոք բուժման համար նրանից գումար վերցրե՞լ է: Ի պատասխան՝ Ավետյանն ասաց, որ քսան տարի բուժել է նրա դստերը.
«Իրար հետ տեսնվում ենք, խոսում են: Գումարը վերցրել է հիվանդանոցը: 20 տարվա հարաբերություններ են, այո, մտերիմ ենք»:
Դատախազ Հայկ Պետրոսյանը տասը րոպե ժամանակ խնդրեց՝ փորձագետին բացարկ հայտնելու համար։ Նիստն ընդմիջվեց տասը րոպեով։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Զարուհի Դիլանյան