Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համաձայն է այն կարծիքին, որ Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալ էր: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը: «Երկրում կան մարդիկ, որոնք այժմ այդպես են մտածում»,- ասել է Շամխանին հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե ինքը հմակարծիք է արդյոք այդպես մտածողների հետ, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է. «Այո, ես համաձայն եմ իրանական ժողովրդի կարծիքի հետ»:
Շամխանին նշել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Իրանը «ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքներ, ներառյալ միջնորդավորված պատերազմը»: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում:
«Ներկայում Թեհրանը շահագրգռված չէ: Պետք Է հիմքեր լինեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների համար: Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր էր, որովհետեւ լավ համաձայնագրի նշանն այն է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի…
Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք է կատարվեն նաեւ նոր կառավարության կողմից»,- ասել է իրանց նախարարը:
Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը ձգտում Է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: «Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետեւ շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել է նա:
«Եթե դուք նկատել եք, նրանք չէին զավթում մեր նավերը, նրանք զավթում էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, եւ ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն»,- նշել Է նախագահ Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: