Բաժիններ՝

ԱՄՆ-ը 90 օրով երկարաձգել է Huawei-ի հետ բիզնեսի թույլատրագիրը

Ամերիկյան ընկերությունները Huawei Technologies Ltd չինական ընկերության հետ գործեր վարելու թույլատրագրի երկարացում կստանան 90-օրյա ժամկետով: Այս մասին Fox Business Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը:

«Մենք ԱՄՆ-ի հեռահաղորդակցական ընկերություններին եւս 90 օր ենք տալիս,- ասել է Ռոսը:-Գյուղական վայրերում աշխատող առանձին ընկերություններ կախված են Huawei-ից: Ուստի մենք նրանց եւս որոշ ժամանակ ենք տալիս»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած հանգստյան օրերին հարցականի տակ է դրել Huawei-ի հետ բիզնես վարելու թույլատրագրերի երկարացումը:

«Huawei-ն այն ընկերությունն է, որի հետ մենք ընդհանրապես չենք կարող բիզնես վարել,-հայտարարել է նա:-Ես ոչ մի բիզնես չեմ ցանկանում նրա հետ, քանի որ նա սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգությանը»:

Ամերիկյան ընկերությունների համար Huawei-ի հետ գործարար համագործակցության թույլատրագրերի գործողության ժամկետը, որոնք տրվել էին արդեն ՉԺՀ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով չինական ընկերությանը սեւ ցուցակում ներառելուց հետո, լրանում էր օգոստոսի 19-ին: Այժմ այն երկարաձգված է մինչեւ նոյեմբերի 19-ը:

Սեւ ցուցակում ներառելը նշանակում է, որ ամերիկյան ընկերությունները չեն կարող իրենց արտադրանքն ու տեխնոլոգիաները Huawei-ին վաճառել առանց հատուկ թուլտվության:

Վերլուծաբաններից շատերը Huawei-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, որը հասույթի չափով չինական խոշորագույն ընկերությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, դիտարկում են Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրական հակամարտության համատեքստում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս