«Խոսքի ազատությունը ճնշելու և ընդդիմադիր թեկնածուներին դուրս մղելու Պուտինի ռեժիմի ձգտումը պետք է մտահոգի ամբողջ աշխարհին»
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը համերաշխություն է հայտնել Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների հետ, որոնք հանդես են գալիս հանուն արդար ընտրությունների եւ պաշտպանում են իրենց ընտրական իրավունքները: Նա իր հայտարարությունը հրապարակել է Facebook-ում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Կոնգրեսականը պաշտպանել է «դեմոկրատիան ազատ եւ արդար ընտրությունների միջոցով վերականգնելու» ձգտումը:
«Խոսքի ազատությունը ճնշելու եւ ընդդիմադիր թեկնածուներին դուրս մղելու Պուտինի ռեժիմի ձգտումը պետք է մտահոգի ամբողջ աշխարհին, եւ ԱՄՆ-ի Կոնգրեսն ուշադիր հետեւում է տեղի ունեցողին»,- ասված է նրա հայտարարության մեջ:
Հոյերը Ռուսաստանի իշխանություններից պահանջել է «ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել խաղաղ բողոքողների ձերբակալությունները եւ թույլ տալ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություներին՝ չխախտելով նրանց իրավունքները»: