Բաժիններ՝

Եռաբլուրում խնկարկեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակը

Եռաբլուր զինվորական պանթեոնի Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հուշահամալիրում խնկարկեցին կազմակերպության նահատակների հիշատակը։

Գաղտնի բանակի անդամ Վազգեն Սիսլյանը նշեց, որ օգոստոսի 7-ը նշվում է, որպես ԱՍԱԼԱ-ի մարտիկների հիշատակի օր՝ պայմանավորված 1982թ. այդ օրը իրականացված գործողության հետ։

«Հենց այս օրը 1982 թվականին երկու ընկեր հարձակում գործեցին Անկարայի օդանավակայանի վրա: Այնտեղ բախում եղավ զինվորականների հետ, ինչի արդյունքում Լևոն Էքմեքչյանը ծանր վիրավորվեց, իսկ խմբի ղեկավարը՝ Զոհրաբ Սարգսյանը՝ պայթեցրեց ինքն իրեն: Հենց այդ պատճառով էլ այսօրն ամեն տարի այցելու ենք Եռաբլուր և հարգում նրանց հիշատակը»,- նշեց Վազգեն Սիսլյանը:

Վազգեն Սիսլյանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-ն կատարել է իր առջև դրված առաքելությունը և այժմ այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը չկա։

«Կարծում եմ, որ գաղտնի բանակի գործունեությունն իր արդյունքը տվել է: Առաջին հերթին հայերը այդպիսով զգացին իրենց հայ լինելու հանգամանքը և վերականգնեցին իրենց ինքնությունը: Կարծում եմ, որ այս էտապի համար առաջադրանքն իրականացված ու հաջողված է»,- նշեց Սիսլյանը:

Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն է, որն ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997թվականներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս