ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել ընտանիքում բռնության ենթարկվածների պաշտպանության մասին
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է օրենքի իրազեկում տեսանյութի միջոցով՝ ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման վերաբերյալ։ Ինչպես նաև տեղեկացնում օրենքով բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորությունների մասին։ Տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով:
ՀՀ ազգային ժողովը ընդունել է օրենք ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման նպատակով: Ընտանիքում բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև: Օրենքն ընձեռնել է բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորություններ: Մասնավորապես` նախազգուշացում ոստիկանության կողմից, անհետաձգելի միջամտության որոշում դարձյալ ոստիկանության կողմից, պաշտպանական որոշում դատարանի կողմից:
Ոստիկանությունը բռնություն իրականացրած անձի նկատմամբ կիրառում է նախազգուշացում, եթե դեպքը տեղի ունեցել առաջին անգամ, արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում, առկա չեն անհետաձգելի միջամտության հիմքեր:
Անհետաձգելի միջամտության որոշում ոստիկանությունը կայացնում է, եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ կիրառել է բռնություն, առկա հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին: Ի դեպ, անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:
Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել բռնության ենթարկված կամ բռնության ենթադրաբար ենթարկված անձը կամ աջակցության կենտրոնը` նրա համաձայնությամբ: Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձանց դեպքում դատարան կարող են դիմել մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչները և խնամակալության ու հոգաբարձության մարմինը: Մարդն ինքն է որոշում դիմել ոստիկանություն, թե անմիջապես դատարան:
Ընտանիքում բռնության դեմ պայքարին աջակցելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է: Պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով քաղաքացիները կարող են զանգահարել թեժ գծի շուրջօրյա 116 հեռախոսահամարով կամ այցելել ինչպես Երևանի, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի ստորաբաժանումներ: