2019թ․ առաջին կիսամյակում Թուրքիա է այցելել 21 մլն զբոսաշրջիկ
2019թ․ առաջին կիսամյակում Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը աճել է 13․2 տոկոսով՝ հասնելով 18 միլիոնի։ Երկրից դուրս բնակվող Թուրքիայի քաղաքացիների հետ մեկտեղ այդ թիվը կազմել է ավելի քան 21 մլն։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում 12 մլրդ 603 մլն 642․000 դոլարի եկամուտ է ստացել։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9․9 տոկոսով։
Տարվա երկրորդ եռամսյակում զբոսաշրջության ապահոված եկամուտը կազմել է 7 մլրդ 973 մլն 963 դոլար, ինչը 13․2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված եկամուտներից: Արձանագրվել է նաև, որ հունվար–հունիս ամիսներին երկիր այցելած զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում միջինում ծախսել է 649 դոլար։
2019թ․ հունիսին ամենաշատ զբոսաշրջիկներ են այցելել Թուրքիա Ռուսաստանից, Գերմանիայից և Անգլիայից։ Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 35․745 (4.62 տոկոս աճ), Գերմանիայից՝ 588․508 (30.29 տոկոս աճ), իսկ Անգլիայից՝ 359․462 (17.22 տոկոս աճ)։
Հունվար – հունիս ամիսներին Ռուսաստանից Թուրքիա է այցելել 2 մլն 709․397 զբոսաշրջիկ, Գերմանիայից՝ 1 մլն 802․365 զբոսաշրջիկ, իսկ երրորդ տեղը գրաված Բուլղարիայից՝ 1 մլն 236․280 զբոսաշրջիկ։