Քաղաքական թեժ աշուն՝ զուգահեռ երեք գործընթացներ
ԱԺ աշնանային նստաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում խորհրդարանում՝ երեք կարևորագույն գործընթացներ, որոնք կընթանան զուգահեռաբար, ու դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն: Դատաիրավական համակարգի փոփոխություներ, անցումային արդարադատություն…
Գաղտագողի մշակվող օրինագծերի շուրջ աղմուկը կա, սակայն հայտնի չէ, թե ով կամ ովքեր են, ի վերջո, վարչապետի հանձնառությունը ստանձնած «բարեփոխիչները», հայտնի չէ նաև, թե ինչո՞ւ են հակակոռուպցիոն նոր կառուցակարգեր ստեղծվում: Հնչած որոշակի ակնարկները միայն ցույց են տալիս պատժիչ մեխանիզմների ուղիղ թիրախներին՝ նախկին իշխանության ներկայացուցիչներ, իսկ գործադիրի անդամների վերացական բնորոշումներն ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին ոչինչ չեն ասում:
Նկատենք, «դատավորների զտման» ջատագով քարոզչական կողմն է առայժմ ինչ-որ բաներ ասում, և հակաքարոզչության դաշտում գործիչներ են հանդես գալիս, որոնք, թերևս, հենց այս ներդրվող համակարգի միջով անցնող «զոհերը» պիտի լինեն, երրորդ՝ ոչ սուբյեկտիվ կողմի տեսակետ, որպես այդպիսին, մինչ օրս չի հնչել:
Հակառակը, դատական իշխանությունը, թեև՝ ոչ հրապարակային, բայց կարծես թե անցումային արդարադատության փորձությունը հաղթահարելու ճանապարհին միասնական դառնալու քայլեր է ձեռնարկում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների մասին «վնգստալ» բառի գործածումից հետ։ Այլընտրանքային պրոցեսներ են զուգահեռ ընթանում. միավորվել է փաստաբանական գրեթե ողջ կորպուսը, դատավորների մի ստվար խումբ է ակտիվանում։
Ի տարբերություն փաստաբանական համայնքի և իրավական փորձագիտական շրջանակների, Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այս ընթացքում կրավորական կեցվածք է ընդունել, և, չնայած Սահմանադրությամբ իրեն ընձեռված բացարձակ անկախությանը, իր լուռ համաձայնությամբ ապացուցում է, որ հանդիսանում է իշխանությունների կցորդ և դակիչ մարմին։
Առանձնակի ուշադության է արժանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող Վերաքննիչ դատարանի վերջին երկու կայացրած ակտերը՝ խափանման միջոցը՝ կալանքը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը, երբ միջնորդությամբ դատարանում հանդես եկան ԼՂՀ նախկին ու ներկա երկու նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու գործող՝ Բակո Սահակյանը, և Քոչարյանի ընտանիքի գույքի, հաշիվների վրա կալանքը դնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը: Սրանք ակնհայտորեն կանխատեսելիության դաշտից դուրս որոշումներ էին իշխանության համար, որոնք ցույց տվեցին, որ դատարանը ձգտում է ամեն գնով իր անկախությունը հաստատել:
Չմոռանանք այս ֆոնին ամենագլխավորը՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ծավալվող իրադաձություններ, որոնք սահմանադրագետները որակեցին՝ որպես իշխանության ձախողած ոտնձգություն… Եվ ահա այս զուգահեռ դեպքերը կարծես մի բան են հուշում՝ Հայաստանում երրորդ իշխանության ինստիտուտն ուզում է անկախանալ, կամարտահայտման դրսևորումները դատարանը լիովին անկախացնելու ճիգեր են իրականում:
Դատավորներն իրենք էլ քաջ գիտակցում են, որ այսօր բացառիկ հնարավորություն կա իշխանության երրրորդ ուժը կայացնելու և, առհասարակ, դատական համակարգը չեզոքացնելու մյուս երկու օրենսդիր և գործադիր իշխանության թևերից:
Ուստի, 2019թ. քաղաքական թեժ աշնանը սպասվող իրադարձություններն անուղղակիորեն կնպաստեն դատաիրավական ոլորտի կայացմանը, և այդ անկախությունը դե ֆակտո և դե յուրե հաստատելու լիակատար հնարավորություն կընձեռեն:
Թեժ աշնանը սպասվող մյուս առաջնային գործընթացը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է: Արդարադատության նախարարությունը վիճահարույց կոնվենցիայի վերաբերյալ հայցել է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը, մինչդեռ սահմանադրագետ Գևորգ Դանիելյանն իր բազմաթիվ ելույթներում իշխանությանը կոչ էր անում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմել՝ ՀՀ սահմանադրության հետ չարաբաստիկ կոնվենցիայի հակադրությունները մարդու իրավունքների տեսանկյունից դիտարկելու համար:
Ինչևէ, սպասվում է, որ սեպտեմբերին խնդրահարույց կոնվենցիայի խորհրդարանական լսումները կուղեկցվեն ոչ միայն ԱԺ պատերից դուրս կազմակերպվող զանազան ակցիաներով ու բողոքի ցույցերով, այլև այն կդառնա լուրջ բախումների պատճառ քաղաքացիական խմբերի միջև և կխորացնի հակադրությունները հենց խորհրդարանական ուժերի ներսում:
Նկատենք, այս օրերին բուռն քննարկումների ժամանակ արդեն իսկ որոշ իշխանական պատգամավորներ բացահայտ կերպով արտահայտել են իրենց բացասական դիրքորոշումը կոնվենցիայի մասով, ավելին, նրանք փաստացի չեն թաքցնում, որ վարչապետի գլխավորած կուսակցության ներսում այս թեմայի շուրջ գաղափարական բախումները վերաճել են լուրջ կոնֆլիկտների: Կանխատեսում կա, որ հենց այս աղմկահարույց կոնվենցիայով խմբակցությունը կգնա տրոհման՝ որոշ «այլախոհներ» կդիմակայեն մանդատը վայր դնելու՝ վերևից իջեցվող ցուցումներին, դուրս կգան խմբակցությունից և նոր թիմ կձևավորեն ԱԺ-ում:
Արդո՞ք Փաշինյանն այդքան ոչ խոհեմ կգտնվի, որ թույլ կտա կուսակցությունում առկա տարաձայնությունները խորանան այդ աստիճան, և ներքին պառակտումն ավարտվի խորհրդարանական մի նոր խմբակցության ձևավորումով։ Այս հարցադրումին մեր զրուցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները շատ որոշակի պատասխան չտվեցին, կարճ կապեցին, ասելով՝ ժամանակը ցույց կտա:
Նշենք, որ այլախոհների կամ, ինչպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում են նրանց որակում ՝ «թիմից դուրս իրենց խաղը խաղացող» պատգամավորների թիվն այս պահին չի գերազանցում դեռևս հինգը: Սա խոսուն թիվ չէ նոր խմբակցության համար, սակայն դա նշանակում է, որ, եթե նրանք իսկապես լքեն խմբակցությունը ու ԱԺ-ում հանդես գան՝ որպես առանձին միավոր, և ապա հետագայում օգտվեն իշխող ուժի ներսում խորացող ներքին լարումի պրոցեսներից՝ իրենց կողմը քաշելով ևս որոշ կուսակիցների, ապա իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը որոշ ժամանակ անց կունենա քվորումի լուրջ խնդիր:
Հիշեցնենք, իշխող «Ւմ քայլը» խմբակցությունն 88 պատգամավոր ունի, «Բարգավաճ Հայաստանը» ՝ 24, և 18 մանդատ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի:
Սյուզի Բադոյան