Բաժիններ՝

Մեղվապանն իր անարատ մեղրը վաճառելու է 3000-4000 դրամով

Այս տարի մեղրի սակավություն է սպասվում:168.am-ը զրուցեց Արարատյան դաշտավայրի որոշ մեղվապահների հետ՝ պարզելու համար, թե այս տարի ի՞նչ քանակությամբ և ի՞նչ որակի մեղր է մեղվապահը ստանալու:

Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ մեղվապահության մեջ, գրագետ և լավ մասնագետները լավ արդյունք են ստանում: Այս տարի, սակայն, բնությունը, եղանակային անբարենպաստ պայմանները որևէ կերպ  չեն աջակցել մեղվապահներին: Հաճախակի տեղացող անձրևները, լեռնային շրջաններում մշտական դարձած հողմերն ու կարկուտն  իրենց բացասական ազդեցությունն են ունեցել մեղվաբուծության վրա:

Ըստ որոշ մեղվապահների` այս տարի բնական աղետների պատճառով նեկտարը քիչ էր, ուստի մեղր արտադրելու համար մեղուն չուներ բավարար սնունդ: Այդ իսկ պատճառով այս տարի մեղվապահները, ստիպված,  առավել շատ են արոտավայրեր տեղափոխվել, քան նախորդ տարիներին: Մեր այն հարցին, թե տարվա ընթացքում քանի՞ անգամ են մեղվապահները մեղր քամում, մեղվապահ Հակոբ Գևորգյանը պատասխանեց. «Նայած տարի: Օինակ, այս տարի ես 2 անգամ եմ մեղր քամել: Դա ինձ համար լավ է: Բայց կան նաև այնպիսի մեղվապահներ, ովքեր սահմանափակվում են մեկ անգամով, քանի որ մեղր չի լինում»:

Մեղվապահն իր այս տարվա բերքից գոհ էր, ասում է` մեկ փեթակից նախատեսում է քամել մինչև 35 կգ մեղր: Ըստ մեղվապահի` դա շատ լավ ցուցանիշ է, սակայն ոչ բոլոր մեղվապահներն են նման արդյունք ստանում: Մեղվապահը պատմում էր, որ լեռնային գոտում մեղուներն այս տարի առավել սակավ բերք կունենան, իսկ Արարատյան դաշտավայրից լեռնային արոտավայրեր տեղափոխվող մեղվապահների բերքն առավել առատ կլինի: Դա բացատրվում է նրանով, որ գարնան սկզբին Արարատյան դաշտավայրի մեղուները սնվել են ծառապտղի ծաղիկների նեկտարներով, ապա,  ծաղկաթափումից հետո,  տեղափոխվել են լեռնային գոտիներ:

Կարդացեք նաև

Այդ տեղափոխությունը նպաստել է մեղվի մշտապես լավ սնունդ ունենալուն: Մեր այն հարցին, թե այս տարի մեղրի 1 կգ-ն որքանո՞վ հնարավոր կլինի գնել,  մեղվապահ Հակոբ Գևորգյանը պատասխանեց. «Իմ մեղրն առանց շաքարի է, իսկ անարատ մեղրը միշտ էլ թանկ արժե: Ես, ինչպես միշտ, այս տարի ևս, պատրաստվում եմ բերքս վաճառել կգ-ն 3000-4000 դրամով»: Ի պատասխան 168.am-ի հարցին, թե բնակչությունն ինչպե՞ս կարող է պարզել` մեղրի մեջ շաքար կա՞, թե՞ չկա, փորձառու մեղվապահը մի քանի ավանդական մեթոդներ առաջարկեց: Ըստ այդ մեթոդներից մեկի, եթե լուցկու այրվող հատիկը մեղրի մեջ թաթախելուց հետո այն չի վառվում, նշանակում է` մեղրն անարատ է: Վառվելու դեպքում՝ կնշանակի, որ մեղրն իր մեջ շաքարի մեծ քանակություն է պարունակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս