«Քաղաքական որևէ ուղղվածություն չունենք, մերժում ենք մեր երկրի համար վնասակար յուրաքանչյուր նախաձեռնություն». Արա Զոհրաբյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
«Երբ մեկը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված տեսակետ է հայտնում, նշվում է, որ նա քաղաքական ինչ-որ ուժի է սպասարկում, այդ առումով ուզում ենք նախաձեռնության անունից հայտարարել՝ քաղաքական որևէ ուղղվածություն չունենք, մերժում ենք մեր երկրի համար յուրաքանչյուր վնասակար նախաձեռնություն՝ կլինի դա իրագործված նախորդ իշխանության օրոք թե ներկայիս իշխանության, և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը»,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ հանդես չի գալիս՝ որպես Փաստաբանների պալատի նախագահ։
Նա տեղեկացրեց, որ մի խումբ փաստաբանների կողմից ստեղծվել է «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնություն, որի անունից էլ հանդես է գալիս։
Արա Զոհրաբյանը առանձնացրեց կոնվենցիայից բխող երեք հիմնական վտանգները.
«1. ԼԳՏԲ անձանց կողմից ընտանիք ստեղծելու, ամուսնանալու և երեխա որդեգրելու այսօրվա իրավական խոչընդոտները կվերանան կամ էականորեն կթուլանան, ինչը բացասական կերպով կազդի ժողովրդագրության վրա,
2. Տարբեր երկրներից ԼԳՏԲ անձինք ապաստան և փախստականի կարգավիճակ կհայցեն գենդերային հիմքով, ինչի հետ կապված մեր երկրի սահմանափակ միջոցները չեն բավարարի,
3. Ապագայում կարող է հնարավորություն ստեղծվել՝ իրենց կին համարող տղամարդիկ խուսափեն զինվորական ծառայությունից. ինչը բացասաբար կազդի բանակի մարտունակության վրա»:
Դիտարկումներին, թե ինչու նախկինում չէին խոսում այս մասին, նա ասաց, որ մշտապես հրապարակային քննադատել են.
«Նույնիսկ, եթե որևէ քաղաքացի կամ պաշտոնյա, անկախ որևէ պատճառից, չի խոսել այն ժամանակ, ապա չի կարելի հիմա նրան պիտակավորել, որովհետև այսօրվա իշխանությունը հռչակել է, որ ժողովրդի իրավունքների պաշտպանն է։ Հետևաբար, եթե որևէ մեկը նախկինում չի խոսել՝ վախի կամ այլ ազդեցության ներքո, ապա այսօր հանգիստ կարող է խոսել, և այդ առումով չի կարելի իրեն ասել, թե ինչո՞ւ այն ժամանակ չէիր խոսում»:
Նա հիշեցրեց, որ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել, իսկ ԵՄ 28 պետությունից 14–ում արդեն թույլատրվում է միասեռ ամուսնությունն ու երեխայի որդեգրումը։
Զոհրաբյանը նշեց, որ իրենք ստորագրահավաք են սկսել Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու համար, ու կոչ են անում ՀՀ վարչապետին, Ազգային ժողովին ու կառավարությանը՝ չվավերացնել այն, ապա տեղեկացրեց, որ արդեն գործում է nostambul.am կայքը, որտեղ բոլոր նրանք, ովքեր դեմ են Ստամբուլյան կոնվենցիային, կարող են ստորագրել։ Զոհրաբյանը հայտնեց նաև, որ իրենք միայն ստորագրահավաքով չեն սահմանափակվելու, այլ անելու են օրենքով նախատեսված բոլոր քայլերը:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան