Աքշեները խոսել է Թուրքիայում գործող կառավարման համակարգի և հիմնադրվելիք նոր կուսակցության մասին
Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները հայտնել է, որ ուժեղացված խորհրդարանական համակարգը Թուրքիայի համար առավել նպատակահարմար կլինի: Նա անդրադարձել է նաև ստեղծվելիք նոր կուսակցությանը:
Այս մասին հայտնում է թուրքական «Յենի չաղ» լրատվամիջոցը:
«Կարծում եմ, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգի փոխարեն ավելի ժողովրդավարական համակարգ է անհրաժեշտ կիրառել: Գործող համակարգը ընդունվել է արագորեն, և բավարար չափով չի քննարկվել հասարակության շրջանում»,- նշել է նա:
Աքշեները նաև անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի և նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի կողմից նոր կուսակցություն հիմնելու թեմային:
«Հավատում եմ, որ նոր կուսակցությունը հաջողություններ է արձանագրելու և ընտրողների համար այլընտրանք է ծառայելու»,- եզրափակել է նա:
Ալի Բաբաջանը հուլիսի 8-ին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին: Նախատեսվում է, որ նա Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ գարնանը նոր կուսակցություն կհիմնի: