«Երբ պետության առաջին դեմքը խոսում է ոչ նորմատիվային լեքսիկոնով, ատելության խոսք է ծնում». Նարեկ Սամսոնյան
Ատելության խոսքի տարափը, ըստ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սկսվել է անցյալ տարվա հայտնի քաղաքական իրադարձությունների ընթացքում, երբ կոնկրետ քաղաքական խմբի մասին ատելության խոսք էր տարածվում: Նա այս մասին որոշ դրվագներ հիշեցրեց այսօր կայացած «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ.
«Այդ ատելության հոսքը հասել էր էդ մարդկանց տներ՝ կանանց, երեխաներին: Սերժ Սարգսյանի թոռնիկի համարը, որը փոքր երեխա էր՝ Պուշկինի դպրոցում սովորող, տրվել էր Նիկոլ Փաշինյանի՝ շիշ բռնող ախրաննիկ պատգամավորի կողմից մարդկանց, որոնք զանգել էին ու այդ «hate speech»-ը հասցրել թոռնիկին:
Հասել էին կին պատգամավորների տներ, կպցնում էին տարբեր տեսակի մահվան մասին հուշող պաստառներ, ամենավերջին հայհոյանքները տեղի էին ունենում փողոցում, և դա տեղի էր ունենում քաղաքական ողջ սպեկտրի քար լռության ներքո: Որևէ մեկի քննադատությունը չեմ տեսել էն ժամանակ, ու դա հիմքերից մեկն էր, որը ստեղծեց այս միջավայրը:
Երբ իշխանությունը, ըստ էության, զավթված էր, փոխված էր, ես մտածում էի, որ կունենաք ատելության քարոզի ավարտը, բայց այսօր էլ ես տեսնում եմ, որ դա տեղի չի ունեցել»:
Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ երբ պետության առաջին դեմքը խոսում է ոչ նորմատիվային լեքսիկոնով, ատելության խոսք է ծնում. «Երբ ասում է՝ դատավորները վնգստում են, որ Արցախում կան մարդիկ, որոնք դավադիր պատերազմ են սարքել, ու ոչ մի լրագրող պատին դեմ չի տալիս էդ առաջին դեմքին, դա բերում է այն ատելության խոսքին, որը կա»:
Նա համոզված է, որ հայհոյանքը կոնկրետ տեխնոլոգիա է, և ըստ իրենց տվյալների՝ կենտրոնացված ղեկավարվել ու ղեկավարվում է հանրային կապերի և տեղեկատվական ՊՈԱԿ-ի միջոցով, որը ղեկավարվում է երբեմնի լրագրող Հովհաննես Մովսիսյանի կողմից. «Ֆեյքերն ու ֆեյք էջերը, որոնք բազմաթիվ են, համացանցում ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ, որը դրսևորվում է հայհոյանքով: Այսինքն՝ ինչ-որ մինի ֆեյք էջ սկսում է հայհոյել անընդհատ, ինքը սկսում է թիրախավորել ու հայհոյել: Ինքը մի լայվի տակ սկսում է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ բոլորը սկսում են հայհոյել:
12.000 ֆեյքերը բացառապես զբաղված են եղել համացանցում հայհոյելով»:
«Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահը նաև նշեց, որ երկու ամիս առաջ Հայաստանում ամեն 3-րդ կինը, որը պաշտպանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայհոյանք էր գրում.
«Մենք պարբերաբար հրապարակում ենք այդ կանանց էջերն ու հայհոյանքներով մեկնաբանությունները, ու այսօր նրանց թիվը կրճատվել է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան