Oրակարգի ցանկացած հարց կառավարության նիստում կարող է քվեարկվել՝ առանց դրա շուրջ բովանդակային քննարկում ծավալելու. «Լուսավոր Հայաստան»
Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես առաջարկվում է կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգից ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների մասով բացառություն նախատեսել։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքն ընդունվել է 2018թ. մարտի 23-ին և միտված եղել Սերժ Սարգսյանին հարմարեցված և ձևախեղված խորհրդարանական կառավարման, սակայն փաստացի սուպերվարչապետական համակարգի արմատավորմանը։ Քննարկման առարկա հոդվածն ընդգրկվել է այդ օրենքի նախնական տեքստում ու այդպես էլ փոփոխության չի ենթարկվել նոր կառավարության կողմից հեղինակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019թ. մայիսի 08-ի օրենքով։ Ավելին, այն այժմ էլ կիրառվում է գործող կառավարության նիստերի ընթացքում, մինչդեռ օրենքի մակարդակով կարգավորվում են հասարակական կյանքի ամենաէական ասպեկտները։ Այսինքն, եթե որևէ հարաբերության կարգավորումը տրված է օրենսդրական մակարդակով, ապա այն ունի այլ հարաբերությունների համեմատ ավելի մեծ կարևորություն։
Նշյալ օրենքը, սակայն, տարբերակում չի դնում կառավարության նիստում քննարկվող որևէ հարցի մասով. օրակարգի ցանկացած հարց կառավարության նիստում կարող է քվեարկվել՝ առանց դրա շուրջ բովանդակային քննարկում ծավալելու։ Այսինքն, գործադիր իշխանության ղեկավարը կարող է որոշել, որ կառավարության նիստում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից մշակված օրենքների նախագծերը քննարկելու անհրաժեշտություն չկա՝ այդպիսով սահմանափակելով և նսեմացնելով Սահմանադրությամբ այդ սուբյեկտներին տրված լիազորությունը։
Հետևաբար, օրենքների նախագծերը կառավարության նիստում առանց ըստ էության քննարկելու՝ փաստացի կառավարական կոմիտեի նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքները հաստատելն անընդունելի կարգավորում է և ներկայացված նախագծով առաջարկվում է ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը կառավարության նիստում պարտադիր քննարկման ենթակա հարց դարձնել։