Արագածոտնի մարզի մի շարք համայնքները Թալին քաղաքի հետ կապող ավտոճանապարհը վերականգնվում է
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում իրականացվում է Հ81, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածի վերականգնումը։ 10.9 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ) տարածաշրջաններում՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապելով Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ:
Ճանապարհի վերականգնումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։
Կապալառու կազմակերպությունը՝ «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը, շինաշխատանքները սկսել է 2019թ. հունիսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։
Շինաշխատանքների շրջանակներում վերականգնվելու է հողային պաստառը՝ 9-14 մ լայնությամբ, ճանապարհային պատվածքը՝ 6-12 մ լայնությամբ, ջրահեռացման համակարգը, կատարվելու են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ, տեղադրվելու են ճանապարհային նշաններ և անվտանգության էլեմենտներ, տեղափոխվելու են ճանապարհի կառուցմանը խոչընդոտող հաղորդակցուղիները, կատարվելու են նաև այլ աշխատանքներ։
Չորս համայնքներով անցնող այս ճանապարհահատվածում այժմ կատարվում են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման (նոր մետաղական խողովակների և ջրթող վաքերի տեղադրում, գոյություն ունեցող ջրթող կառույցների նորոգում), հենապատի, մայթերի կառուցման, կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներ: