Բաժիններ՝

«90-ականններին մարդիկ պատրաստ չէին աղբը տեսակավորել, այսօր պատրաստ են». Կարինե Դանիելյան

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանն ամենաաղբաշատ երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Հանուն կայուն մարդակային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այդ տվյալներին՝ նկատեց, որ  Հայաստանում հիմնական խնդիրը թափոնների առաջացումն է, դրանք հանքարդյունաբերության պատճառով շատ են։

«Ինձ համար կարևոր է, թե թափոնների հետ հետագայում ինչ է լինելու, ինձ զարմացնում է, որ չի հրապարակվում, թե ինչ է լինում այդ թափոնների հետ։ Օրինակ՝ 90-ականներին երբ հարցում ենք իրականացրել, թե արդյո՞ք բնակչությունը պատրաստ է տեսակավորել աղբը, բնակչության մեծ մասը պատասխանել էր՝ ոչ։ Սակայն վերջերս նորից հարցումներ ենք արել, պարզվեց, որ Երևանում հարցվածների 95 տոկոսը պատրաստ է աղբը տեսակավորել»,- շեշտեց բնապահպանը։

Անդրադառնալով աղբի վերամշակման գործարան կառուցելու շուրջ եղած քննարկումներին՝ Կարինե Դանիելյանն ասաց, որ Երևանում աղբի վերամշակման գործարան կառուցելու ծրագիր կար, սակայն հետագայում պարզվել էր, որ այդ տարածքը սողանքային է, և հնարավոր չէր այնտեղ գործարան կառուցել։
Նա վստահեցրեց, եթե գործարանի հետ կապված ծրագրերն իրականություն դառնան, ապա այդ ուղղությամբ լուրջ քայլեր կլինեն։

«Թուղթը աղբ չէ, պլաստիկը աղբ չէ» նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Մկրտչյանն էլ խոսելով աղբի տեսակավորումից՝ տեղեկացրեց, որ արդեն 1,5 տարի է, ինչ ամիսը երկու անգամ Երևանի 9 համայնքներում իրականացնում են թղթի, պլաստիկի, ապակու հավաքագրումներ և ուղարկում վերամշակման։ Եվ այս գործընթացին վերամշակողները դրական են արձագանքել։

Նա շեշտեց, որ այս գործընթացի հետ կապված՝ մեկ տարի առաջ մարդիկ այլ մոտեցում էին ցուցաբերում, իսկ այժմ՝ բոլորովին այլ, քանի որ այսօր կան այնպիսի ընտանիքներ, որոնք նույնիսկ տանն են աղբը տեսակավորում և հանձնւմ իրենց։

«Դիմել ենք, որպեսզի Կառավարությունն այս հարցում մեզ աջակցի, աջակցություն տրամադրեն նաև վերամշակողներին, սակայն ստացել ենք մերժում։ Մեզ աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքը, քանի որ հետևորդների թիվը գնալով մեծանում է, ուստի պետք է աջակցեին աղբը տեղափոխելու հարցում։ Կառավարությունից մեզ տվեցին բացասական պատասխան և հորդորեցին՝ դիմենք վերամշակողներին»,- ընդգծեց Հռիփսիմե Մկրտչյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս