Ո՞ր գործընկեր երկրին նկատի ուներ Զուրաբիշվիլին. Վրաստանը Հայաստանից նոր դերակատարություն է ակնկալում

Վրաստանում Ուղղափառության  միջխորհրդարանական վեհաժողովի նիստի հայտնի իրադարձություններից հետո բռնկված հակառուսական սուր ալիքից հետո Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ակնկալում է գործընկերների աջակցությունը։ Գերմանական «Deutsche Welle»-ին տված  հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ակնկալում են գործընկերների աջակցությունը: «Նրանք կարող են լինել եթե ոչ՝ միջնորդներ, ապա՝ առնվազն Վրաստանի փաստաբաններ՝ Ռուսաստանին հասկացնելու, որ հարևանների հետ հարաբերությունները պետք է կառուցել փոխադարձ հարգանքի ու միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա»,-  ասել է Զուրաբիշվիլին գերմանական լրատվամիջոցին:

«168 Ժամի» հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան, նախկին պաշտոնյա Իրակլի Մենագարիշվիլին փորձեց պարզաբանել, թե Վրաստանի որ գործընկերներին նկատի ուներ Վրաստանի նախագահը, ինչ դերակատարություն է ակնկալում իր հարևաններից, մասնավորապես՝ Հայաստանից։ Մենագարիշվիլին ասաց, որ Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը, Մենագարիշվիլիի խոսքով, վրաց նախագահը  նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև։ Ըստ նրա՝ այդ հայտարարությունն ուղիղ կերպով կարող է  վերաբերել նաև Հայաստանին, քանի որ Հայաստանի համար Վրաստանը կարևոր հարևան է, դեպի Եվրոպա տանող՝  Հայաստանի համար միակ բաց ճանապարհը, առևտրային և տարածաշրջանային տարանցիկ առանցքային գործընկեր և պարզապես հարևան երկիր, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են, հայ-ռուսական առևտրաշրջանառությունը, արտահանումն ու ներմուծումը դեպի այս ուղղություն տեղի է ունենում Վրաստանի միջոցով, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի և ԵԱՏՄ որևէ երկրի հետ։

«Այս բարդ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը Հայաստանին դրել է մի իրավիճակի մեջ, երբ այս հարաբերությունների սրումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար։ Եվ, այո, Հայաստանը ցանկության դեպքում կարող է միջնորդական ջանքեր իրականացնել, քանի որ Վրաստանը ևս բազմիցս փորձել է իր ներդրումն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ժողովուրդների մերձեցման մեջ, և Թբիլիսին հաճախ է եղել հարթակ հակամարտող կողմերի շփումների համար։ Հայաստանի նման դերակատարությունն  աջակցություն կլինի թե՛ կողմերի համար, թե՛ Հայաստանի տնտեսական կայունության, և թե՛ տարածաշրջանի անվտանգության համար։ Իմ համոզմամբ՝ ներկայումս Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունները գիտակցաբար փորձում են չսրել երկկողմ հարաբերությունները՝ հասկանալով, որ Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններում կա առավելապես ներքաղաքական բաղադրիչ, իսկ վեհաժողովում տեղի ունեցածը լցրեց հասարակության «համբերության բաժակը», և ստեղծվեց այն իրավիճակը, որի ականատեսն էլ դարձանք վերջին շաբաթների ընթացքում։ Հասկանալի է, որ լարվածությունը չի բխում իշխանության շահերից, և սրանով Վրաստանի նախագահն ուղերձ է հղում թե Ռուսաստանին, թե շահագրգիռ գործընկերներին, որ հակված չէ հետագա լարվածության։ Կարծում եմ՝ Վրաստանի նախագահը կարող է ակնարկել նաև Բաքվին, բայց վրաց-ադրբեջանական հարաբերություններում վերջերս առաջացած խնդիրները չեն  կարող նպաստել այդ իրավիճակին։ Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է, և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը չեն կարող հաշվի չնստել Հայաստանի անմիջական շահերի հետ՝ ունենալով լավ հարաբերություններ Հայաստանի հետ։ Ուստի, լավ դիվանագիտական աշխատանքի դեպքում Հայաստանը կարող է միջնորդություն իրականացնել, որպեսզի այս լարվածությունը չխորանա»,- ասաց նա։

Իր հերթին՝ մեկ այլ վրացի վերլուծաբան՝ Սոսո Ցինցաձեն, ասաց, որ ի սկզբանե Վրաստանն իր բոլոր գործընկերներից ակնկալում էր չեզոք վերաբերմունք տեղի ունեցողին, որպեսզի տեղի չունենար որևէ սադրանք։ Սակայն, ըստ նրա, զարգացումներն անկանխատեսելի են լինում, և դիրքորոշումները փոխվում են՝ ըստ իրավիճակի։

«Եթե այս պահին Վրաստանի նախագահն այսպիսի հայտարարությամբ է հանդես գալիս, ուրեմն կա դրա կարիքը, քանի որ անկախ իշխանությունների կամքից՝ տեղի են ունենում զարգացումներ, որոնք խորացնում են առկա վտանգները վրաց-ռուսական հարաբերություններում։ Այս իրավիճակում Վրաստանը ցանկանում է միջամտություն իր գործընկերների կողմից, այդ թվում՝ Հայաստանի, որը շահեր ունի այս տարածաշրջանում՝ ունենալով երկու փակ սահման, հակամարտություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Հաշվի առնելով Վրաստանի և Ռուսաստանի հետ նաև ոչ պաշտոնական շփումների ավանդույթը, հայկական կողմը կարող է որոշակի աշխատանք իրականացնել՝ մեծացնելով իր նշանակությունն իր երկու գործընկեր երկրների համար։ Ի վերջո, փոքր երկրները սովորաբար օգտվում են նման հնարավորություններից  իրենց քաղաքական կշիռն աշխարհում  բարձրացնելու նպատակով։ Այս դեպքում Հայաստանին անհանգստացնող ամենամեծ խնդիրը, որը քաղաքական է, Լարսի անցակետի փակումն է ժամանակ առ ժամանակ, բեռների կուտակումները։ Հայաստանը դրան այլընտրանքներ է փնտրում, բանակցում Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Սա հնարավորություն է այս խնդրին նորովի անդրադառնալու, հնարավորություններ փնտրելու համար»,- ասաց Ցինցաձեն։

Նա նշեց, որ հետևելով ՀՀ արտաքին քաղաքական ուղերձներին ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳ նախարարի կողմից, կարելի է ենթադրել, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել տարածաշրջանում իր համագործակցությունները, նվազեցնել շրջափակման ազդեցությունը։ «Իրան-ԵԱՏՄ համագործակցությունն իր հերթին՝ նոր նշանակություն է տալիս Վրաստանից դեպի Ռուսաստան առևտրաշրջանառության և դրական հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությանը։ Կարծում եմ՝ մինչ այս ևս Հայաստանը քննարկել էր այս հարցն իր գործընկերների հետ, բայց, բնականաբար, այդ դերը կարող է ավելի մեծ կամ պակաս լինել ցանկության և քաղաքական առաջնահերթությունների լավ հաշվարկի պարագայում։ Կարծում եմ՝ դա նաև կնպաստի, որ խորանան Հայաստանի հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Սակայն բոլոր երկրներն ազատ են իրավիճակին արձագանքել այնպես, ինչպես ցանկանում են»,- ասաց Ցինցաձեն։

Տեսանյութեր

Լրահոս