«Նա հիստերիայի մեջ էր ընկել, տեսել եք կայքերում: Դա մարզպետին վայել բան չէ, թռչկոտում էր, եսիմինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր». Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի մասին

«Սասուն Միքայելյանին երբեք չի զարմացրել վարչության անդամ լինել կամ չլինելը: Բնական ա, ինձ ձայն չեն տվել, էդ թաքցնելու բան ա՞, արդարանամ-ասեմ՝ ինձ ձայն տվեցի՞ն: Միգուցե էնտեղ խմորումներ են գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձևավորել ներսում, որոշակի անձինք, դրա համար սենց եղավ, բայց Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը, որպես ՔՊ կուսակցության անդամ, շարունակի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում իր՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու խնդրին:

Նա հիշեցրեց, որ ինքը 2.5 տարի եղել է ՔՊ վարչության նախագահ, և իր օրոք կուսակցությունը հաղթել է. «Էսօր որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ, ժողովո՛ւրդ»:

Նա հրաժարվեց անհատականացնել, խմորումների մասնակիցների անուններ տալ, սակայն վստահություն հայտնեց, որ կուսակցությունում կան առանցքային դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ երբեք նման խաղերի մեջ չեն մտել, ու կուսակցությունում դրված սկզբունքը չի խախտվել. «Ես անուններ տվող չեմ, դատարանում էլ, որ նստել եմ 3.5 տարի, անուններ չեմ տվել»:

Անդրադառնալով իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերին՝ Ս.Միքայելյանը տարակուսանք հայտնեց, թե չգիտի՝ դա ում երազանքն է. «Լսեք, ժողովուրդ, մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը: Ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին: Եվ էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն ա, որ արդար ընտրություններ են գնացել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել: Ես ժողովրդի առաջ եմ պատասխանատու: Ինչ-որ էս խաղերի, կամ էդ 300 հոգու մեջից քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ ես խռովեմ, նեղանամ: Ես խռովող տղա չեմ: Ես իմ գործն արել եմ, անելու եմ, ավելի եմ անելու»:

Անցած շաբաթ ԱԺ նիստերից իր բացակայությունը Ս.Միքայելյանը պայմանավորեց առողջական խնդիրներով, նաև, որ սպասել է՝ իրավիճակը պարզվի: Հարցին՝ այսինքն՝ չեք նեղացե՞լ, Ս.Միքայելյանը հարցով պատասխանեց. «Ո՞ւմից նեղանամ»: Դիտարկմանը, որ կուսակցության համաժողովում իր ելույթի ժամանակ շատերը ցուցադրաբար դուրս են եկել, պատգամավորը հակադարձեց, որ նման բան չի եղել, «երեք հոգի» դուրս են գնացել ծխելու: Ս.Միքայելյանը նշեց, որ ընտրություններից հետո վարչապետի հետ քննարկում չի եղել, իսկ Ռ.Պետրոսյանի հետ քննարկելու բան չունի. «Նա հիստերիայի մեջ էր ընկել, տեսել եք կայքերում: Դա մարզպետին վայել բան չէ, թռչկոտում էր, եսիմինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր»: Ս.Միքայելյանը չհամաձայնեց, որ քրեաօլիգարխիկ կլանը մնում է միայն Աբովյանում: Ըստ նրա՝ այդ կլանը մնում է Հայաստանում, և չի կարելի միանգամից վերացնել. «Գնացեք Աբովյան ու տեսեք, թե ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին՝ Կավալի տղեն, էն անձինք, որ խոր տալիք-առնելիք են ունեցել Կավալի հետ: Էդ մարդկանցով ա ինքը շրջապատված, էսօր արժեհամակարգից ա խոսում, նոր շարժումից ա խոսում, չգիտեմ ինչից ա խոսում»:

Հարցին՝ Կոտայքում հի՞ն Հայաստանն է, Միքայելյանը պատասխանեց. «Почти»: Դիտարկմանը, թե Պետրոսյանին ՔՊ վարչության անդամ ընտրելը նշանակում է, որ նրա գործերին հավանությո՞ւն են տալիս, Միքայելյանը պատասխանեց. «Դեռ ժամանակը ցույց կտա»:

 

Տեսանյութեր

Լրահոս