Ինչո՞ւ չեք խզում «ՍանիՏեքի» հետ կնքված պայմանագրերից մեկը, մենք 5 միլիարդ 200 միլիոն դրամ տալիս ենք այդ ընկերությանը. «Լույսի» ավագանու անդամը՝ «Իմ քայլի» ներկայացուցչին
Երևանի ավագանու «Իմ քայլը», «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին իրականացված ծրագրերը, խոսեցին խնդիրների մասին:
«Մի քանի հարցեր կան, որոնք առաջնային են, դրանցից է աղբահանությունը, որը մինչ օրս լուծում չի ստացել: Մյուսը տրանսպորտի խնդիրն է, ժամկետներ նշել են, սպասում ենք: Ասել են, որ երկու տարում կկարողանան կարգավորել: Ի դեպ, տրանսպորտի հետ կապված ընդամենը մեկ քննարկում ենք ունեցել Քաղաքապետարանում, որի ընթացքում խոսվել է նախկին քաղաքային իշխանության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների փաթեթի մասին: Այդ նախագծի մասով չի եղել վստահություն, և 7 ամիս քննարկելուց հետո տեսել են, որ այնքան էլ վատը չէ:
Քննարկումից հետո չիմացանք՝ համագործակցելո՞ւ են այդ ընկերության հետ, թե՞ ոչ, հետո մամուլում կարդացինք, որ քաղաքային իշխանությունը դիմել է Կառավարությանը՝այս հարցում աջակցություն ստանալու համար: Ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են պետք, որովհետև 100-ավոր միլիոնների մասին է խոսք գնում: Որտեղի՞ց պետք է այդ գումարը հայթայթեն»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց. «Երբ Երևանի քաղաքապետը ստանձնեց իր լիազորությունները, ժողովրդին խոստացավ, որ աղբի հարցն առավելագույնը երկու ամսվա ընթացքում կլուծվի: Արդեն անցել է 4-5 ամիս, որևէ դրական տեղաշարժ չկա: Տրանսպորտի հետ կապված մի տարօրինակ բան ասեմ. Հայկ Մարությանն իր լիազորությունները ստանձնելու օրն ասաց, որ տրանսպորտի հարցը երկու տարվա ընթացքում կկարգավորվի, բայց ինն ամիս անց սպասում ենք «երկու տարվա» մեկնարկին: Իշխող ուժը բոլոր հարցազրույցներում երկու տարին արդեն դարձրել է երկուսից-երեք տարի»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը խոսելով աղբահանության մասին՝ ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե որտեղի՞ց է գալիս խնդիրը:
«Բոլոր ռիսկերը, կապված աղբահանության հետ, հանձնվել էր մեկ մասնավոր ընկերության, ու դա կախվածության մեջ էր մեզ գցել այդ ընկերությունից: Վստահ եմ, որ դա լավագույն տարբերակը չի եղել: Մենք Երևանում ուզում ենք ունենալ որակյալ աղբահանություն: «ՍանիՏեքն» ունի ընդամենը 18 մեքենա, որոնք սարքին են: Այդ ընկերությունը չի կարողանում պատշաճ կերպով կազմակերպել աղբահանությունը»,- նկատեց Լևոն Հովհաննիսյանը:
«ՍանիՏեքի» հետ կնքված պայմանագրերից մեկը պետք է խզվի: Ինչո՞ւ չեք խզում, խնդիրը ո՞րն է: Հիմա մենք 5 միլիարդ 200 միլիոն դրամ տալիս ենք այդ ընկերությանը»,- նկատեց Թեհմինա Վարդանյանը:
«Եթե հոկտեմբերին խզեինք պայմանագիրն ու ասեինք՝ դուք լավ չեք աշխատում, ի՞նչ էր կատարվելու այդ ժամանակ: Հինգ համայնքային մեքենայով չէինք կարողանա աղբահանություն իրականացնել: Աղբահանության հարցը լուծելու համար առաջիկայում համայնքը ձեռք է բերելու աղբահանության 34 նոր մեքենա: Այս պահին պայմանագիրը չենք խզում «ՍանիՏեքի» հետ, և եթե տեսնենք, որ չի կարողանում աշխատանքները բարելավել, կարծում եմ՝ անխուսափելի են բանակցությունները, որ երկրորդ օպերատորը դառնա քաղաքային իշխանությունը»,- պատասխանեց Լևոն Հովհաննիսյանը:
Անի Կարապետյան