«Բոլորի համար պարզ է, որ առկա իրավիճակում խորհրդարանում կառավարության ծրագրի պատշաճ քննարկումն անհնարին կլինի». Տալակվաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր ամենամյա ելույթը երկրի խորհրդարանում անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն՝ հունիսի 27-ին ելույթ ունենալով օրենսդիր մարմնի բյուրոյի նիստում:
«Բոլորի համար պարզ է, որ առկա իրավիճակում խորհրդարանում կառավարության ծրագրի պատշաճ քննարկումն անհնարին կլինի: Մենք ցանկանում ենք, որ, բացի խորհրդարանական մեծամասնությունից, հաշվետվության քննարկմանը հանգիստ ռեժիմով լիարժեք մասնակցի ընդդիմությունը»,-ասել է Տալակվաձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարը խորհրդարանում պետք է ելույթ ունենար հունիսի 27-ին: Պատգամավորները պլանավորում էին լսել նախարարների կաբինետի հաշվետվությունը 2018 թվականի աշխատանքի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: