Մոսկվայից Վաշինգտոն. ինչ են քննարկում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպումների ժամանակ
Եռացող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ՝ բարդ է իրավիճակը նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Հունիսի 21-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն տարածեց:
«Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։ Համանախագահների հետ զրույցում արտաքին գործերի նախարարները կարևորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար»,- հունիսի 20-ի հանդիպմանը հաջորդած իրենց հայտարարության տեքստում նշել էին միջնորդները:
Ինչպես ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած եռակողմ՝ Մնացականյան-Լավրով-Մամեդյարով, այնպես էլ՝ վաշինգտոնյան հանդիպումից հետո ուշագրավ բանակցային մանրամասներով է հանդես գալիս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որոնք կտրականապես հերքվում են ՀՀ ԱԳՆ-ի կողմից:
Նշենք, որ ապրիլյան հանդիպումից ժամեր անց Մամեդյարովը տեղեկացրել էր, որ անցկացվել են լայն էական բանակցություններ հայկական կողմի հետ: «Սկզբում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների միջև: Կոնկրետ ձևով քննարկվել են հարցեր, որոնք մինչ այժմ խոչընդոտում էին բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող խոսել լիարժեք առաջխաղացման մասին: Սակայն մենք կարողացանք առավել մանրամասն և խորությամբ հասկանալ այն պահերը, որոնք մեզ մոտ խնդիրներ էին առաջացնում հայկական կողմի հետ»,- ասել էր Մամեդյարովը:
Նա նաև հավելել էր, որ քննարկումներ էին տարվել 2016թ. Ռուսաստանի առաջարկած ծրագրի վերաբերյալ: «Բնականաբար, մեկ հանդիպմամբ այդ բոլոր հարցերը չես լուծի: Այս հանդիպման ձեռքբերումն այն էր, որ մենք հասկացանք՝ ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ է պետք լուծել: Օրինակ, Հայաստանն առաջ է քաշում հարցեր՝ կապված կարգավիճակի և անվտանգության հետ: Մենք էլ մեր հերթին՝ շեշտը դնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման և հարկադիր տեղահանվածներին իրենց հայրենի հողերը վերադարձնելու վրա: Քննարկումներն ընթացել են այդ չորս հարցերի շուրջ, որոշում է կայացվել շարունակել բանակցությունները»,- ասել էր Մամեդյարովը:
Սակայն այդ հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությունը հիմնականում հումանիտար բնույթի միջոցառումների իրականացման մասին էր:
Վաշինգտոնյան հանդիպումից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողի՝ հանդիպման ընթացքում փաստաթղթերի քննարկման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել էր. «Կան փաստաթղթեր, որոնք գոյություն ունեն, գոյություն ունեցել են, բայց այստեղ փաստաթղթերի խնդիրը չէ: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ սկզբունքներով ենք մենք մոտենում, որովհետև սկզբունքորեն այսօր անհրաժեշտ է առաջին հերթին՝ կենտրոնացած մնալ այն միջավայրի վրա, որն ապահովում է մեզ համար առաջընթացը գործընթացի: Ինչ վերաբերում է սկզբունքային մոտեցումներին, դրանք հայտնի են բոլորին, արտահայտված են Հայաստանի կողմից տարբեր առիթներով»:
Նա տեղեկացրել էր նաև, որ ունեն որոշ համաձայնություններ, վերահաստատել են այն, ինչ վերաբերում է լրագրողներին, կալանքի մեջ գտնվող անձանց, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կայունությանը, լարվածության ռիսկերի նվազեցմանը նպաստող միջավայրի կայունությանը: Իսկ Մամեդյարովը Բաքվում նշել էր, որ ղարաբաղյան համակարտության լուծումը պետք է լինի փուլային: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին՝ հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»: «Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»,- ասել է Մամեդյարովը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան այս պնդումների՝ ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նման մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,- ասել էր Աննա Նաղդալյանը։
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում հակիրճ անդրադարձավ իրավիճակին՝ ասելով, որ այս հայտարարությունները ցույց են տալիս, որ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկում են միմյանց օրակարգերը, սակայն դա մեկ օրակարգ չէ։ Ըստ նրա՝ հայկական կողմը ներկայումս կենտրոնացած է մթնոլորտի ձևավորման և պահպանման վրա, իսկ ըստ համանախագահների (ինչպես ամիսներ առաջ էին իրենց հայտարարության մեջ նշել)՝ կա փաստաթուղթ, ներկայացրել էին Մադրիդյան սկզբունքները, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է փաստաթղթից։
Այսօր, նրա կարծիքով, ԼՂ հակամարտության գոտում զարգացումները, դրա այս կամ այն լուծումը գերտերությունների շահերից է բխում, այդ պատճառով այս պահին ակտիվ են թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, յուրաքանչյուրն իր մասով է ակտիվություն ցուցաբերում։
Ռուսաստանի խնդիրն է՝ շարունակել պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ի դեպքում, ըստ նրա՝ հակաիրանական քաղաքականության մենեջմենթն այս տարածաշրջանից։ Այս իրավիճակում կողմերից յուրաքանչյուրն իր շահերից բխող որոշումներ պետք է կայացնի և շարունակի բանակցությունները՝ այդ հանգամանքները հաշվի առնելով։
«Ժամանակ առ ժամանակ այս հակամարտությունը, որը գտնվում է բավականին կարևոր տարածաշրջանում, իրավիճակից ելնելով՝ գրավում է գերտերությունների ուշադրությունը՝ դրանից բխող քաղաքական նախաձեռնություններով։ Այս պահին այդ գործոնը ես տեսնում եմ»,- ասաց Մաքֆարլեյնը։
Ինչ վերաբերում է նման տեղեկությունների ֆոնին ՀՀ դիվանագիտության քայլերին, ըստ նրա, եթե կան բանակցություններ հստակ փաստաթղթերի ուղղությամբ, պետք է ավելի հրապարակայնացվեն կամ հերքվեն բարձր մակարդակով։
Վլադիմիր Եվսեևն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ իսկապես վտանգավոր է, և որից, կարող է հայտնվեն կողմեր, որոնք կցանկանան օգտվել։ «Առանց այս գլոբալ իրավիճակի վատթարացման, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը վերջին տարիներին պայթյունավտանգ է միշտ, իսկ Իրան-ԱՄՆ խորացող ճգնաժամը նոր մարտահրավերներ է ստեղծում այս հակամարտության համար»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ հայկական կողմը չպետք է կորցնի զգոնությունը։
Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակությանը, ապա, նրա խոսքով, դրանք մշտապես ինչ-որ փակ ռեժիմ են ունեցել, համաձայնությունները հրապարակվել են միայն վերջնական համաձայնեցումներից հետո, ուստի միայն մասնակիցները գիտեն, թե այս տարիների ընթացքում ինչեր են քննարկվել, խափանվել, և այդ քննարկումների որ հատվածն է հայտնվել հրապարակային տիրույթում։
«Այնուամենայնիվ, դատելով հայկական կողմի ներկայիս քաղաքականությունից, բոլոր հարցերը պայմանավորվում են Արցախի մասնակցությամբ, ինչը ներկայումս քիչ հավանական է։ Հայկական տեսանկյունից հումանիտար պրոյեկտներով առաջ ընթանալը տրամաբանական է, բայց ադրբեջանական տեղեկատվական բացահայտումներն էլ աննպատակ չեն, մեծամասնությամբ ներքին սպառման և դիվանագիտական առավելություն ստանալու համար են»,- ասաց Եվսեևը։