ՔՊ-ն կֆիլտրի կուսակցությանն անդամակցելու հայտերը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակության վարչության կազմը ձևավորելու է խմբեր՝ կուսակցությանն անդամագրվելու համար քաղաքացիների ներկայացրած հայտերն ուսումնասիրելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՔՊ վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանը:
Ըստ նրա՝ 8000 դիմումները, որոնց մասին հայտարարվեց ՔՊ-ի համաժողովի ժամանակ, հետհեղափոխական փուլում հավաքագրվածներն են:
«Հիմա վարչությունը կձևավորի տարբեր խմբեր, որոնք կունենան նաև մեխանիզմներ, այդ թվում՝ ֆիլտրող, հասկանալու համար, թե ո՞ր քաղաքացիները, ո՞ր ընկերներն են իրոք գաղափարական ընկերներ: Եվ, իհարկե, կհամալրվեն մեր կուսակցության շարքերը»,- ասաց նա:
Ս.Պապիկյանի խոսքով՝ կլինեն նաև մերժումներ. «Չեմ կարող խոստանալ, որ համալրումը վերաբերելու է բոլորին, որովհետև, այո՛, կան նաև այս ընթացքում հիասթափվողներ, չեմ բացառում, որ կարող են լինել նաև պատեհապաշտներ, բայց անմեղության կանխավարկածը թույլ չի տալիս, որ ես ավելին ասեմ»: