Նախարար Հակոբ Արշակյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում գործակցության ուղիները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։
Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը, ապագա ծրագրերն ու նպատակները։ Նախարարը կարևորել է հատկապես ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությունը։
Նա նշել է, որ Հայաստանում ծրագրվում է ստեղծել յուրօրինակ մի կենտրոն, որը, հենվելով սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի վրա, կաջակցի հայկական և այլ երկրների ստարտափներին դուրս գալու Սիլիկոնյան հովիտ ու միջազգային շուկաներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, հայկական ստարտափ գաղափարները ճապոնական շուկա դուրս բերելու, տեխնոլոգիական բուհերի հետ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի շատ տաղանդավոր մասնագետներ մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տեխնոլոգիական մյուս բնագավառներում, որոնք իրենց գիտելիքներով և փորձով կարող են մրցունակ լինել միջազգային ցանկացած շուկայում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տալլինում վերջերս տեղի ունեցած էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։ Նախարար Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել համաժողովի շրջանակներում ճապոնական «Mitsubishi» հետազոտական և խորհրդատվական կորպորացիայի գործադիր տնօրեն Տակեհիկո Նագումոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում համագործակցության մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Դեսպան Ջուն Յամադան պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու, գործակցության նոր շրջանակներ հաստատելու ուղղությամբ։