«Մենք ունենք իրավիճակ, որ ՍԴ գործունեության հիմքերը լուրջ կասկածի տակ են». Վահագն Հովակիմյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՍԴ դատավորներն ու ՍԴ անդամները պետք է քննարկեն և ստեղծված խնդրին լուծում գտնեն:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տրված կարգավորումները վիճահարույց են:
«Մենք ունենք իրավիճակ, որ ՍԴ գործունեության հիմքերը լուրջ կասկածի տակ են: Չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը գործել վիճելի իրավակարգավորումների պարագայում»,- ասաց Վ.Հովակիմյանը՝ դրական գնահատելով ծավալվող իրավական բանավեճը:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկմանը, որ «ՍԴ անդամ» ու «ՍԴ դատավոր» արտահայտությունների նույն տրամամաբանությամբ չի կարելի ասել ԱԺ անդամ կամ խմբակցության անդամ, այլ պետք է միայն պատգամավոր ասել, Վ.Հովակիմյանը հակադարձեց, թե պարոն Իշխանյանը ուղղակի շփոթում է, ՍԴ անդամը ժամանակին նշանակվել է որպես անդամ, և գնահատականի ու լեզվամտածողությամբ չի կարգավորվում դա, իսկ փոփոխված Սահմանադրությամբ այդ եզրույթը վերացվել է: