Բաժիններ՝

ԼՀԿ-ն առաջարկում է բուհերում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած անձանց անվճար սովորելու հնարավորություն տալ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան: ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

«Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններին դրական գնահատական ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգերը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում: Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից: Հենց այս խտրական վերաբերմունքը շտկելու նպատակով է առաջարկվել մեր նախագիծը»,-ներկայացրեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կառավարության եզրակացությունն այն է, որ եթե անձը ընդունվելով բուհ, ի վիճակի է եղել կատարել իր վճարը, ապա երրորդ կարգի հաշմանդամություն ստանալուց հետո դարձյալ կարող է կատարել վճարը: Սակայն պատգամավորը նկատեց, որ երբ անձը ձեռք է բերում հաշմանդամություն, որոշակի սահմանափակումներ է ձեռք բերում՝ շարժողական և այլն, և ընտանիքում սոցիալական լրացուցիչ բեռ է առաջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս