«Դուք ովքե՞ր եք, որ հնարավորություն եք տալիս, տպավորություն է, որ պետք է ասենք՝ շնորհակալություն, որ կառավարությանն էդ հնարավորությունը տալիս եք». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած նախագիծը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Նախագծով նվազագույնի է հասցվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչն առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ և առողջ մրցակցային մթնոլորտ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար:

Նաև, սահմանելով 15 տարվա ստաժի պահանջ, օրենսդրական այս կարգավորումը  նպաստում է դիվանագիտական ծառայության պատասխանատու պաշտոններում ավելի փորձառու դիվանագետների նշանակմանը՝ որպես երաշխիք ՀՀ արտաքին քաղաքական շահի խթանման համար:

Փոխնախարարը նշեց, որ կառավարությունն առաջարկել է 15 տարվա փոխարեն՝ 10 տարվա ստաժի պահանջ սահմանել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի համարեց, որ 10 տարվա ստաժն արդեն որևէ մեկին ինդուլգենցիա տա, որ նրա հետ կապված հարցեր չլինեն:

Գ.Հովհաննիսյանի խոսքով՝ քաղաքական նշանակումների թիվը 15% դարձնելով՝ «հնարավորություն են ընձեռում կառավարությանը» նշանակել 7-8 դեսպաններ:

«Դուք ովքե՞ր եք, որ հնարավորություն եք տալիս: Տպավորություն է, որ պետք է ասենք՝ շնորհակալություն, որ կառավարությանն էդ հնարավորությունը տալիս եք»,- միջամտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ պետք է 10-15 տարի նախարար, ԱԺ նախագահ, կամ փոխնախագահ, կամ պատգամավոր, կամ ԵԽԽՎ-ում աշխատած անձը գնա հանձնաժողովի կարծիք ստանա, իսկ որևէ դեսպանատան կցորդին հարցեր չպետք է տրվեն հանձնաժողովում: Այսինքն՝ քաղաքական նշանակման դեպքում գնում է հանձնաժողով, իսկ ոչ քաղաքական նշանակման դեպքում հարցը չի գնում հանձնաժողով.

«Էստեղից էլ ծագում է «մենք»-ի ու «դուք»-ի կարգավիճակը: «Մենք»-ը դիվանագիտական կորպուսն է, որ մեծահոգաբար թույլ է տալիս, որ այդտեղ կառավարությունը նշանակի, բայց ասում է՝ մի հատ էլ կգնաս հանձնաժողով»:

Հիշեցնելով, որ ինքն է առաջ քաշել դրույթը, որ քաղաքական նշանակումները պետք է սահմանափակվեն, Փաշինյանը նշեց, որ այս դեպքում խտրական մոտեցում է ստացվում: Ըստ նրա՝ եթե խորհրդարանական ֆիլտրով պետք է անցնեն, ապա պետք է անցնեն բոլորը, եթե ոչ, ուրեմն բոլորը չպետք է անցնեն.

«Էստեղ էլ հակառակ դիսկրիմինացիան ենք անում, էլի բաժանում ենք առաջին և երկրորդ սորտի դեսպանների և թեկնածուների»:

Գ.Հովհաննիսյանը նկատեց, որ դիսկրիմինացիան միայն նրանում է, որ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքը նաև կարգի ուսուցում է, որ պետք է անցնել:

«Ո՞վ է տալիս էդ երաշխիքը, որ ինքը սովորել է»,- հարցադրում արեց վարչապետը՝ հավելելով, որ այս ընթացքում կոպիտ թերություններ է տեսել, որ լուրջ հարցեր են առաջացնում,- Ես ընդհանրապես էդ բաներին կողմ չեմ, որ ինչ-որ կաստայական կառուցվածքներ են ձևավորվում, որ 10 տարի էս դռնով մտել, դուրս ես եկել, ուրեմն վերջ, դու էլ խնդիր չունես: Ես դրա հետ համաձայն չեմ»:

Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ ամեն դեպքում սահմանադրականության հետ խնդիր է լինելու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հեղինակների հետ համաձայնության են եկել, որ այս կետը հանվի:

Ն.Փաշինյանի առաջարկով՝ նախագիծը, կառավարության եզրակացություններով, ուղարկվեց ԱԺ՝ հետագա քննարկումների համար:

Տեսանյութեր

Լրահոս