Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուները բանակցություններ են վարում ուժերի միավորման շուրջը
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի նոր վարչապետի պաշտոնների թեկնածուներ Ռորի Սթյուարտի եւ Մայքլ Գոուվի թիմերը բանակցություններ են սկսել ուժերի միավորման շուրջը՝ ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնին դիմակայելու համար: Հունիսի 19-ին այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Սթյուարտն ինքը:
«Մենք բանակցություններ ենք վարում ուժերի միավորման շուրջը, որովհետեւ պարզ է, որ Բորիսը դուրս է գալիս վերջին փուլ: Եվ այժմ հարց է ծագում, թե հատկապես ով ունի լավագույն հնարավորությունները, որպեսզի նստի բեմին եւ խոսի Ջոնսոնի հետ, եւ ով ունի Բրիտանիայի այն տեսլականը, որը կարող է ոգեշնչել մարդկանց եւ երիտասարդներին ներգրավել քաղաքականության մեջ»,- ասել է թեկնածուն:
Սթյուարտը, որը ներկայիս կառավարությունում զբաղեցնում է միջազգային զարգացման հարցերի նախարարի պաշտոնը, վարչապետի թեկնածուներից միակն է, որը բացահայտ հավանություն է տալիս Brexit-ի այն պայմաններով համաձայնագրին, որը հեռացող վարչապետ Թերեզա Մեյն անցյալ տարի ստորագրել է Եվրամիության իշխանությունների հետ եւ որն այնուհետեւ երեք անգամ մերժել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: