«Այս կերպ մշակված հասարակությունը կատարյալ թիրախ է, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» համար». Ռուսական արտաքին հետախուզության ղեկավար
«Աշխարհի մի հատվածում ծնված արկածախնդրությունները կամ պարզապես լուրերը կարող են հանգեցնել ազգային փոխարժեքի փլուզման մյուս հատվածում, ԶԼՄ-ների ու սոցցանցերի կողմից տարածվող կեղծ լուրերն ազդում են տարածաշրջանային և գլոբալ գործընթացների վրա։ Բջջային ինտերնետի լայն տարածումը չտեսնված հնարավորություններ է մարդու վարքագծի ու բնազդների վրա ազդեցություն թողնելու հարցում մեր մոլորակի ամենահեռավոր անկյուններում»,- այսօր ՌԴ Ուֆա քաղաքում ՌԴ Անվտանգության խորհրդի կողմից կազմակերպված, անվտանգային հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների հետ միջազգային հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ անդրադառնալով ժամանակակից աշխարհում հիբրիդային վտանգների, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մանիպուլյացիաների կիրառման, արևմտյան երկրներում թմրանյութերի տարածման, ավանդական արժեքների խաթարման խնդիրներին։
Վերջինս նշել է նաև, որ հեռու չէ այն օրը, երբ արհեստական բանականության և գենային ինժեներիայի օգնությամբ մարդկային բնույթը փոփոխելու անհրաժեշտության մասին կխոսեն բացահայտորեն։ Եվ սա արվում է մարդկանց նևրոտիկ ինդիվիդների վերածելու համար։
«Հասկանալի է, որ այդպիսի ինդիվիդները հիանալի օբյեկտ են մանիպուլյացիաների համար, հատկապես, եթե նրանց ձեռքին կա ինտերնետին միացրած I phone: Այս կերպ մշակված հասարակությունը կատարյալ թիրախ է, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» համար»,- շեշտել է Ս. Նարիշկինը։
Ըստ բանախոսի՝ ծայրահեղ տագնապալից է նաև թմրանյութերի ընդունման՝ թափ հավաքող միջազգային պրոպագանդան, և ՄԱԿ-ի հարթակում, այսպես կոչված, նարկոլիբերալները՝ Կանադայի գլխավորությամբ, գործը հանգեցնում են թմրանյութերի վերահսկողության ռեժիմի գլոբալ թուլացման։
Ս. Նարիշկինը կարծում է նաև, որ իրեն այդքան ագրեսիվ պահող ԱՄՆ-ը շարունակում է մնալ հիմնական ռեզերվային փոխարժեք ունեցողը։ Միջազգային տնտեսական հարաբերություններում ամերիկյան տարադրամի՝ դոլարի մենաշնորհային վարքագիծը վերածվում է անաքրոնիզմի. աստիճանաբար դոլարը ձեռք է բերում տոքսիկ բնույթ։ Ամերիկյան տարադրամի օգտագործումը, ըստ ռուսական արտաքին հետախուզական գերատեսչության ղեկավարի, այսօր այնքան մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ, որ ավելի ու ավելի շատ քանակի պետություններ են արդարացիորեն մտածում արտաքին առևտրի համար այլընտրանքային գործիքներ փնտրել։
«Մարդկանց ազատամտության քողի տակ ողջ աշխարհով մեկ ընթանում է ավանդական արժեքների չեղարկման, հեղինակության ցանկացած ձևի և, առաջին հերթին՝ պետության հեղինակության նկատմամբ բացասական վերաբերմունքի ագրեսիվ գործընթաց։ Ազգին և երկրին պատկանելությունը, հավատի ու ընտանեկան արժեքներն այսօր ջնջվում են հանուն վերացական անհատական ազատության։ Սեռական պատկանելության հասկացության և ընտանիքի ու ամուսնության՝ որպես արժեքի, արագացված վերացման նպատակով իրականացվում են ԼԳԲՏ հանրույթի իրավունքների առաջխաղացման ծրագրեր, տարածվում են ռադիկալ ֆեմինիզմի գաղափարներ»,- եզրափակել է Ս. Նարիշկինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Պատրաստեց 168.am-ը