«Լևոն Մնացականյանի նշանակումն ուղղված է Սամվել Բաբայանի գործոնի չեզոքացմանը». Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխությունները և պաշտոնանկությունները պայմանավորված են ներքաղաքական խնդիրներով։ Իսկ կոնկրետ Վիտալի Բալասանյանին ազատելը կապված է նախագահական ընտրություններին նրա հնարավոր մասնակցության հետ։
«Արդեն մի քանի ամիս է, ինչ Վիտալի Բալասանյանը սկսել է իր նախընտրական արշավը, նա հանդիպումներ է ունենում տարբեր գյուղերում, Ստեփանակերտի տարբեր կառույցներում։ Նույնիսկ տարբեր մարդկանց կողմից մեղադրվում էր վարչական ռեսուրսն օգտագործելու, պաշտոնը չարաշահելու համար։ Դեռևս 3-4 ամիս առաջ նա իր մտերիմներին տեղեկացրել էր, որ պատրաստվում է ամռանը հրաժարական տալ, և նրա հրաժարականը բավականին սպասված էր։ Երևանի որոշ շրջանակների կողմից այդ փաստի շահարկումն այդքան էլ ազնիվ չէր, հատկապես, երբ շահարկում էին միջպետական վարկի թեման»,- այսօր լրագրողներին տեսակամուրջի միջոցով Արցախից հայտնեց Տիգրան Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ Լևոն Մնացկանյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելը ևս կապված է ներքաղաքական զարգացումների հետ։ Ավելին՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է ստորագրահավաք, որն ամենայն հավանականությամբ ավարտվելու է փողոցային ակցիաներով, ուստի Լ. Մնացականյանի նշանակումն այդ պաշտոնում ուղղված է Սամվել Բաբայանի գործոնի չեզոքացման դեմ։
«Կարծում եմ՝ Բակո Սահակյանին անհրաժեշտ է լոյալ և բավականին ուժեղ գործիչ, որը պատրաստ է հակազդելու, դիմելու ուժային գործողությունների։ Իգոր Գրիգորյանը, որն այժմ նշանակվել է նախագահի խորհրդական, ամենայն հավանականությամբ, շուտով նշանակվելու է ստեղծվելիք հետաքննող նոր մարմնի ղեկավար»,- շեշտեց Տ. Գրիգորյանը։
Նրա դիտարկմամբ, Երևանը պետք է աջակցի Արցախում կայանալիք ընտրական գործընթացներին, և այդ խորհրդատվություններն արդեն մի քանի ամիս ընթանում են։
Տիգրան Գրիգորյանը նաև հավելեց, որ բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործվեն, որպեսզի Արցախում տեղի ունեցող նախկին խայտառակ ընտրությունները հաջորդ տարի չկրկնվեն։
Զվարթ Խաչատրյան