«Եթե այդ օրենքն ընդունվի, ապա ներկայիս բոլոր պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես պետք է անցնեն այդ թեստը». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից գեներալիտետի նկատմամբ իրականացվող գործողությունները կարող են վատ անդրադառնալ բանակի ընդհանուր բարոյահոգեբանության վրա։

«Եթե դիրքում կանգնած սպային ինչ-որ ներքնազգեստի համար տանում են Ստեփանակերտ և հարցաքննում, հետո մեկ շաբաթ պահում այնտեղ, հետո այդ սպան ի՞նչ ոգով պետք է վերադառնա դիրքեր և կռվի»,- ասաց Աղասի Ենոքյանը։

Նա դժվարացավ ասել, թե ինչո՞ւ են նման կերպ վարվում բանակի վերնախավի հետ, սակայն, եթե բացառվի, որ այդ քայլն անտրամաբանական է, ապա բացատրությունը գտնելու համար ստիպված պետք է ընկնեն դավադրությունների տեսության մեջ։

168.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի առաջարկած նախագծի մասին, որ հոգեկան խնդիրներ ունեցողները չպետք է դառնան պատգամավոր, Աղասի Ենոքյանը պատասխանեց, եթե այդ օրենքն ընդունվի, ապա ներկայիս բոլոր պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես պետք է անցնեն այդ թեստը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժն Ազգային ժողովում կարող է սահմանափակվել, Աղասի Ենոքյանը նշեց, որ դրա պատճառն այն է եղել, որ ԱԺ 334 սենյակում, երբ հավաքվում են «Իմ քայլի» պատգամավորները փակ քննարկումների, նրանք չեն կարողանում ցածր խոսել, ուստի լրագրողները նրանց ձայնագրում են։

«Փոխանակ հորդորեն, որ պատգամավորներն ունենան բարեկրթություն և միմյանց հետ ցածր ձայնով խոսեն, լրագրողների համար են սահմանափակումներ դնում։ Կարծում եմ՝ սա նորմալ չէ»,- ընդգծեց Աղասի Ենոքյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս