«Այդ անձը, որը ձերբակալվել է, ինձ մոտ դրական տպավորություն է թողել». Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա ծառայության ընթացքում դրական տպավորություն է թողել 2008թ. մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
«Այդ անձը, որը ձերբակալվել է, ինձ մոտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխիղճ կերպով կատարել է: Բայց, եթե կհիմնավորվի այդ արարքը, միանշանակ ցանկացած անձ պետք է պատասխան կրի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: