«Տոտենհեմ»-«Լիվերպուլ»՝ դրամատիկ մրցաշրջանի ավարտը. կարծիքներ
Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում ստացվեց առանձնակի դրամատիկ՝ լի անակնկալներով, էմոցիաներով և անկանխատեսելի զարգացումներով: Երկար ու բարդ ճանապարհից հետո եզրափակչում երկու անգլիական թիմեր են՝ «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»:
«Տոտենհեմ»
«Տոտենհեմը» այս մրցաշրջանում շատ անկումներ ապրեց, թիմը ունեցավ վնասվածնքերի երկարատև շրջան, մի փոքր դեպրեսիայի մեջ էր, սակայն, արդյունքում կարողացավ ոչ վատ արդյունքներ գրանցել: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դրա ապացույցն է:
Լոնդոնյան ակումբը մրցաշրջանի վերջին հատվածը այնքան էլ վստահ չանցկացրեց Անգլիայում: Ընդամենը կես տարի առաջ թվում էր, որ լոնդոնցիները գրեթե ապահովել են Պրեմիեր լիգայի 3-րդ հորիզոնականը, սակայն մի շարք անհասկանալի հանդիպումներ թույլ տվեցին մրցակիցներին հասնել «Տոտենհեմին»: Անգլիայի Պրեմիեր լիգայում Պոչետինոյի թիմը 4-րդն էր: Ակումբը առաջ թողեց «Չելսիին», բայց կարողացավ լինել Չեմպիոնների լիգայի համար պայքարող թիմերից հաջողակների շարքում:
«Տոտենհեմը» միակ անգլիական ակումբն է, որ ամռանը չարեց ոչ մի տրանսֆեր: Մոուրինիոն նշեց, որ սա ավելի ուժեղանալու քաղաքականություն է և նա ճիշտ էր: Նախորդ մրցաշրջանում թիմին միացած Լուկաս Մոուրան և Սերժ Օրիեն միայն այս մրցաշրջանում ամբողջությամբ հարմարվեցին թիմին և գտան իրենց խաղը: Ստացվում է, որ Պոչետինոն ճիշտ էր, քանի որ անգամ նման տրանսֆերային քաղաքականությամբ, թիմը կարողացավ հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Չեմպիոնների լիգայում «Տոտենհեմը» ամենադրամատիկ թիմերից էր: Նրանք կարող էին անգամ դուրս չգալ խմբից, եթե «Ինտերը» տանը հաղթեր ՊՍՎ-ին, իսկ Լուկաս Մոուրան վերջին տուրում խաղի ավարտից 5 րոպե առաջ գոլ չխփեր «Բարսելոնային»:
Դրանից հետո թիմը կարողացավ հաղթել Դորտմունդի «Բորուսիային», «Մանչեսթեր Սիթիին» և «Այաքսին»՝ ընդհանուր դիմակայություններում: Վերջին երկու թիմերի հետ խաղերը իսկական դրամատիկ ֆիլմի էին նման, քանի որ «Տոտենհեմը» կարողացավ կամային հատկանիշների շնորհիվ կորզել հաղթանակներ:
«Լիվերպուլ»
«Լիվերպուլը» ամբողջ մրցաշրջանում պայքարում էր անգլիական Պրեմիեր լիգան հաղթելու համար, սակայն ընդմաենը մեկ միավորով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Արդյունքում, Յուրգեն Կլոպի թիմը, չնայած բոլոր կանխատեսումներին, ավարտեց մրցաշրջանը երկրորդ տեղում:
«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ շատ դժվարությամբ՝ միայն վերջին տուրում հաղթելով իտալական «Նապոլիին» (1:0): «Լիվերպուլը» կարողացավ դա անել իր դաշտում՝ հաղթելով ընթացիկ մրցաշարի՝ սեփական հարկի տակ անցկացրած երեք խաղերում: Յուրգեն Կլոպի թիմն «Էնֆիլդում» նաև հաղթել է ՊՍԺ-ին (3:2) և «Ցրվենա Զվեզդային» (4:0): Մրցակցի հարկի տակ Կլոպի սաները պարտվեցին բոլոր խաղերում, ինչն էլ հանգեցրեց նման արդյունքի:
«Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ մրցաշրջանի ֆավորիտ «Բարսելոնային» 3:0 հաշվով պարտվելուց հետո կարողացավ հաղթել ընդհանոր դիմակայությունում և դուրս թողեց մրցակցին պայքարից: Սրանից հետո Կլոպի թիմը դարձավ եզրափակչի ընդգծված ֆավորիտը:
Մեկ տարի առաջ «Լիվերպուլը» արդեն փորձել է ուժերը եզրափակչում, սակայն, Կիևում Կլոպի թիմը չկարողացավ նվաճել գավաթը. «Ռեալը» շատ ավելի հզոր էր: Հիմա Կլոպի թիմը պայքարելու է ավելի ծանոթ մրցակցի հետ, ում հանդեպ, կարծես, առավելություն ունի:
Ո՞վ կհաղթի եզրափակչում և ինչպիսի՞ խաղ է պետք սպասել: 168.am-ը խոսել է հայ մարզական լրագրողների հետ:
Գրիգոր Ավետիսյան
«Ֆավորիտին չեմ կարող ընդգծել. բարդ է։ «Լիվերպուլը»՝ որպես երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչ փուլ դուրս եկած թիմ, արժանի է հաղթանակի։ «Տոտենհեմն» էլ, իր հերթին, ցույց տված խաղով է արժանի։ Երկու թիմեր, որոնք քամբեքներ արեցին կիսաեզրափակչի պատասխան խաղերում, հիմա սխալներն ուղղելու ժամանակ չունեն։ Մեկ խաղ է, դժվար է ասելը։ Կանխագուշակում եմ «Տոտենհեմի» հաղթանակը»։
Արման Աբելյան
«Եզրափակիչները միշտ էլ աչքի են ընկնում անկանխատեսելիությամբ: Այսպիսի խաղերի ելքերը սովորաբար վճռում են այնպիսի գործոններ, որոնք նախօրոք հնարավոր չէ պլանավորել: Օրինակ` նախորդ տարվա եզրափակչին «Լիվերպուլը» կարծես հիանալի վիճակում էր մոտեցել, բայց ի՞նչ իմանար Կլոպը, որ Սալահը հենց մեկնարկում վնասվածք է ստանալու, Կարիուսն ունենալու է ուղեղի ցնցում, դե իսկ Բեյլն էլ խփելու է իր կարիերայի լավագույն գոլերից մեկը: «Տոտենհեմի» օրինակը ցույց է տալիս, որ հնչեղ տրանսֆերները երբեմն անհրաժեշտություն չեն եվրոպական եզրափակիչ հասնելու համար: Փորձը հուշում է` եզրափակիչներում հիմնականում հաղթում են ավելի փորձառու թիմերը, նրանք, ովքեր ավելի հեշտ են հաղթահարում լարվածությունը: Կլոպը հարցազրույցներից մեկում նշել է` նախորդ տարվա եզրափակչից հետո ինքն իրեն խոսք էր տվել, որ կրկին հայտնվելու է այնտեղ: Յուրգենն արեց դա, իսկ հիմա ֆուտբոլային բախտը պետք է թեքի իր գլուխը դեպի գերմանացին, քանի որ նա արժանի չէ մարզչական կարիերայի 7-րդ անընդմեջ եզրափակչում արծաթե մեդալ ստանալուն»:
Միհրան Ալեքսանյան
«Այս եզրափակիչը յուրահատուկ է, քանի որ կողմերից մեկը ստանալու է ամեն ինչ, իսկ մյուսը՝ ոչինչ: Թե՛ Կլոպի «Լիվերպուլը», թե՛ Պոչետինոյի «Տոտենհեմը» ոչինչ չեն հաղթել իրենց ղեկավարման ընթացքում և ճակատագրի հեգնանքով այսօր նրանցից ընդամենը մեկը կփառավորվի: Կարծում եմ՝ զգուշավորություն կցուցաբերեն երկու թիմերն էլ: Նրանք իրենց ողջ էմոցիաները, կարելի է ասել, սպառել են եզրափակիչ հասնելու ճանապարհին: Այս խաղում որոշիչ կլինեն մանրուքները: Մի փոքրիկ սխալ և ամեն ինչ գլխիվայր կշրջվի: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ կհաղթի «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպն իրոք շատ է սպասել այսպիսի հնարավորությանը: Նախորդ տարվա ձախողումն էլ լրացուցիչ շարժառիթ կլինի մերսիսայդցիների համար: Չեմ սիրում, երբ եզրափակիչների ելքը որոշվում է լրացուցիչ ժամանակում կամ էլ 11 մետրանոց հարվածաշարում, քանի որ երկու դեպքում էլ ավելի շատ առաջ է գալիս բախտի գործոնը: Կարծում եմ ու նաև ցանկանում եմ, որ «Լիվերպուլը» հաղթի 2:1 հաշվով: Գոլառատ եզրափակիչ և վերջապես հաղթանակած Յուրգեն Կլոպ տեսնելու սպասումներով»:
Սիրարփի Աղաբաբյան