Հայաստանը մեկ օրով նախագահելու է Արարատ Միրզոյանը
Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ՝ մեկօրյա արձակուրդ է գնացել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Եվ ուշագրավ է հաջորդ զուգադիպությունը, որը 168.am-ին հայտնի դարձավ քիչ առաջ:
Պարզվում է՝ այսօր անսպասելի արձակուրդ է վերցրել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ընդ որում՝ դարձյալ մեկ օրով:
Նկատենք, եթե վարչապետն իր երկօրյա արձակուրդի մասին տեղեկացրել էր դեռ օրեր առաջ, ապա, մեղմ ասած, հասկանալի չէ, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահ Սարգսյանի մեկօրյա արձակուրդի մասին տեղեկատվությունը նախագահի գրասենյակն այսօր հաղորդում, և միայն՝ նախագահի մեկնելուց հետո:
Միևնույն օրը երեք բարձրաստիճան պաշտոնյաների արձակուրդ գնալու խորհրդավոր զուգադիպությունը որոշ շրջանակների մոտ կասկածների լուրջ հիմքեր է ստեղծել: Ավելին՝ վարկած կա, որ միևնույն օրով նախագահի և գլխավոր դատախազի անսպասելի բացակայությունը՝ թելադրված է եղել, ընտրվել է արձակուրդի մոտիվացիան:
Հակառակ դեպքում չկար տրամաբանություն, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ում վրա է դրվում երկրի պատասխանատվությունը՝ վարչապետի բացակայության շրջանում, չպետք է սպասեր նրա վերադարձին, հետո նոր մեկներ հանգստի: Առավել ևս, որ խոսքն ընդամենը մեկօրյա հանգստի մասին է:
Ստացվում է՝ այնքան հրատապ խնդիր կա երկրի օրակարգում, որ նրանց այս՝ հանգստանալու «զուգադիպող» ցանկությունը, իրականում ոչ այնքան հանգստի, «ռելաքսի» նպատակով էր, որքան աշխատանքային ծանր քննարկումների:
Նշենք, որ երկրի երկու առաջին դեմքերի բացակայության շրջանում դե ֆակտո երկրի ղեկավար է համարվում օրենսդիր մարմնի ղեկավարը: Միայն այսօր՝ Հայաստանը մեկ օրով նախագահելու է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Սյուզի Բադոյան