ԿԳՆ առաջարկությունը՝ կինոյի և հեռուստատեսության ստեղծագործողներին

Կինոգործիչների միությունում մայիսի 30-ին կազմակերպվել է սցենարիստների միավորման անդամների հետ հանդիպում, որը նախաձեռնել էր  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի  տեղակալ Լուսինե Առաքելյանը: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության հանձնարարականը` բիզնես հմտությունների զարգացման, ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման, հասարակության շրջանում գործարարությամբ զբաղվելու գրավչությունը բարձրացնելու վերաբերյալ:

Նախարարի  տեղակալն իր խոսքում կարևորել է Հայաստանում ժամանակակից հերոսի օրինակելի կերպարի ձևավորման խնդիրը, որը կարող է ուղենշային լինել պատանիների և երիտասարդների շրջանում արժեքների ձևավորման առումով:  Լուսինե Առաքելյանը նշել է, որ պետությունը` ի դեմս Կրթության և գիտության նախարարության, առաջարկ է ներկայացնում կինոյի և հեռուստատեսության ստեղծագործողներին` իրենց նպաստը բերել ապագա  քաղաքացու ձևավորման կարևոր գործընթացին:

Արձանագրելով, որ ներկայացվող առաջարկը ոգևորիչ է` հանդիպման մասնակիցները քննարկվել են թիրախային տարբեր խմբերի համար հեռուստասերիալների, կարճամետրաժ վավերագրական և խաղարկային, ինչպես նաև անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների ազդեցության նպատակահարմարության հարցը:

Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, ամփոփելով հանդիպման  արդյունքները, ևս արձանագրել է, որ ներկայացվող առաջարկությունը ստեղծագործող միավորումների գործունեության համար նոր խթան կհանդիսանա: Նրա խոսքով` Կառավարության որդեգրած մասնակցային գործելակերպը ողջունելի է:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ստեղծագործողներն  առաջիկայում կներկայացնեն սցենարային նախագծեր, որոնք կքննարկվեն և, լավագույնները կյանքի կկոչվեն:

Տեսանյութեր

Լրահոս