Գյուղնախարարը գյուղացուն միայն սուտ խոստումներ է տալիս

Պետությունը գյուղացուն իր խնդիրների հետ միայնակ է թողել: Երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղացուն կով կթել է սովորեցնում, գյուղնախարար Սերգո Կարապետյանը բերքատվությունը բարձրացնելու համար դաշտերն օրհնելու մեթոդ է առաջարկում… Տարիներ շարունակ խաբում են գյուղացուն` սուտ խոստումներով և գյուղացու անունից`իբր գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով, միջազգային կառույցներից խոշոր գումարներ բերելով և մսխելով: Ագրարային տնտեսությունների սեզոնային խնդիրների, բերքի ստացման և իրացման մասին զրուցեցինք «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ:

– Ի՞նչ վիճակում է Հայաստանի ագրարային տնտեսությունը:

– Շատ վատ վիճակում է գտնվում մեր գյուղատնտեսությունը: Այսօր գյուղացին ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի ներդրում կատարի: Ամեն մի գյուղացի իր ուժերով, իր հնարավորությունների սահմանում անում է այն, ինչ կարողանում է: Այսինքն, նրանք, ովքեր հնարավորություն ունեն` լավ սերմ են գնում թանկ գնով, մյուսը չունի՝ վատն է ցանում` բախտի քմահաճույքով` ի՞նչ դուրս եկավ, ի՞նչ բերք աճեց, հայտնի չէ: Գյուղացու լավ լինելը կախված է ֆինանսական վիճակից, բայց, ցավոք, գյուղացին չունի այդ միջոցները: Ընդհանրապես, գյուղատնտեսությունը ռիսկային է, դա, ճիշտ է, բիզնես ոլորտ է համարվում, բայց ռիսկը շատ մեծ է: Հնարավոր է՝ գյուղացին վարկ վերցնի, ներդրում կատարի և կարկուտի կամ այլ հանգամանքների պատճառով բերք չստանա և ընկնի պարտքերի տակ: Այսօր դատարաններում շատ են վարկերը չմարած գյուղացիների գործերը:

– ՀՀ գյուղնախարարությունից ասում էին, թե ծրագրեր են մշակել գյուղացուն օգնելու համար:  Ձեր կարծիքով՝ այդ ծրագրերը գյուղացուն օգուտ տվեցի՞ն:

Կարդացեք նաև

– Այդ «ծրագրերն» ընտրությունների նախաշեմին բերեցին գյուղացուն տվեցին` մի երկու բուռ պարարտանյութ, մի քանի բաժակ վառելանյութ… Դա ես ավելի շուտ կարող եմ ողորմություն կամ նախընտրական կաշառք համարել: Դա գյուղացու դարդին դարման չարեց: Եթե ցանկանում են օգնել, թող ճիշտ ագրարային քաղաքականություն մշակեն և ճիշտ ներդրումներ կատարեն: Բոլոր նորմալ երկրներում պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը: Մեզ մոտ նախատեսված էր մինչև 7 հա ունեցող հողատարածքների տերերին, աղքատ գյուղացիներին 1 հա-ի դիմաց՝ 30.000 դրամ գումար հատկացնել, որպեսզի գյուղացուն ինչ-որ չափով օգնեին, բայց դա էլ չարվեց: Սենատը հսկայական գումարներ է հատկացնում գյուղացիներին, ֆերմերներին, իսկ սրանք ողորմություն են տալիս, այն էլ ընտրությունների նախաշեմին, անունն էլ դնում են՝ օգնում ենք գյուղացուն: Երբեմն ցույց են տալիս, որ գումար չկա: Իսկ ո՞վ է ասում, որ գումար չկա: Պետբյուջեից բավական գումար է գնում Գյուղնախարարություն, նրա ստորաբաժանումներին: Համաշխարհային բանկից, միջազգային տարբեր կառույցներից գումարներ են գալիս: Հարց է առաջանում՝ ո՞ւր են գնում այդ գումարները: Ովքե՞ր են օգտվում այդ ծրագրերից: Այսօր Հայաստանի գյուղնախարարը մեծ-մեծ խոսում է, ասում է, թե ինքը գյուղացու կողքին կանգնած է, թե ամեն ինչով աջակցելու է գյուղացուն… Մենք փորձեցինք անցյալ տարի կաղամբի իրացման խնդրով դիմել, բայց ոչինչ չարեցին: Այս տարի մենք հայտարարեցինք, որ նոր կարտոֆիլը դուրս է եկել Մասիսում, Էջմիածնում, և այլն, բայց աշնան ստացած կարտոֆիլը Մարտունիի շրջանում մեծ քանակությամբ դեռ մնացել է: Մարտունիի տարածքում մոտավորապես 1000 տ չափով կարտոֆիլ է մնացել: Մեծ քանակությամբ կարտոֆիլ մնաց, գյուղնախարար Սերգո Կարապետյանը ոչինչ չձեռնարկեց մթերքի իրացման համար: Գնում-կանգնում է գյուղացու կողքին, ասում է՝ ձեր կողքին կանգնած եմ: Հո մենակ կողքին կանգնելով չի՞: Եթե նախարար ես ու եկել ես` մի բանով օգնի: Գյուղացուն մենակ խոստում տալով չի լինի:

– Պարոն Սեդրակյան, ի՞նչ եք կարծում, ՀՀ գյուղնախարարության արձագանքը կարտոֆիլի, լոլիկի և այլ մշակաբույսերի համաճարակի՝ ցեցի դեմ, ուշացած չէ՞ր:

– Անշուշտ, որքան շուտ սկսեին աշխատանքները, այնքան արագ հնարավոր կլիներ կանխել վարակը: Կկանխվեր նաև հիվանդության տարածումը: Ցեցերն արագ ձվադրում են, արագ բազմանում և արագ տարածվում: Վնաս են հասցնում ոչ միայն լոլիկին և կարտոֆիլին, այլ նաև ցորենին: Եթե շուտ սկսեին հիվանդության դեմ պայքարի աշխատանքները, ամեն բան արագ կվերջանար-կգնար, և գյուղացին այսքան բերքի կորուստ չէր ունենա:

– Ո՞րն է պատճառը, որ ցեցը կամ այլ վնասատուները մտնում են Հայաստան:

– Դրանք Թուրքիայից են եկել՝ սերմերի հետ միասին: Ոնց որ Աֆրիկյան ժանտախտը Վրաստանից եկավ և խոզերի հսկայական գլխաքանակ գետնին տապալեց, այնպես էլ ցեցը և նմանատիպ հիվանդություննները: Երբ սերմեր են ներկրում մեր երկիր, սահմանի վրա եթե խնդիրներ էլ առաջանան, վերևից ինչ-որ պաշտոնյա զանգահարում-ասում է՝ թողեք, թող գա: Մաքսանենգ ճանապարհով, փոքր տուփերով, բայց հսկայական գումար արժեցող սերմերը մտնում են մեր երկիր: Լավ սերմերը թանկ արժեն, բայց, բացի լավից, երկիր են մտնում նաև գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, զիբիլ՝ բառիս ամենալայն իմաստով: Այդ մոդիֆիկացված սերմերը քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում: Ես այս մասին նախկինում խոսել եմ: Գյուղնախարարությունն իմ խոսքերից իրեն վատ էր զգացել, բայց ինչի՞ են վատ զգում, եթե դրա պատասխանատուն իրենք են: Թող հսկողություն սահմանեն: Անտերություն է տիրում:

– Ֆերմերային տնտեսությունները գյուղմթերքի ո՞ր տեսակի արտադրման խնդիր ունեն:

– Այս տարի լուրջ է հացահատիկի խնդիրը: Վատ է անասնակերի վիճակը, խոտը բավականին թանկ է, քիչ է անասնակերը: Գյուղնախարարը հայտարարում է, իբր ցանքատարածություններն ավելացրել են, բայց հարց է առաջանում` որտե՞ղ և ինչի՞ հաշվին են ավելացրել: Ես որքան տեղեկացված եմ, գնալով մշակելի հողերը պակասում են: Մարդիկ չեն մշակում: Եթե ցանքատարածությունները, ինչպես իրենք են ասում, շատացրած լինեին, խոտի գինն այդքան թանկ չէր լինի: Գյուղացիները դժգոհում են, որ սերմը լավը չի եղել, բերք չեն ստացել: Առաջին վերարտադրության սերմացու են գյուղացուն տրամադրել: Այդ առումով մենք բավականին ցածր ցուցանիշներ ունենք, բայց պտղի պարագայում`խաղողի, դեղձի, լավ բերք է սպասվում:

– Արտահանում կա՞ այսօր Հայաստանում:

– Արտահանում կա, բայց դրանք այն ծավալները չեն, որ անհրաժեշտ է: Ես մի անգամ, մի առիթով ասել եմ, որ 1991թ., երբ հողերը սեփականաշնորհում էին, եթե ճիշտ ագրարային քաղաքականություն վարվեր, Հայաստանը կարող էր դառնալ զարգացած ագրարային երկիր: Տարածաշրջանում այսօր Թուրքիան է իշխում:

– Ո՞ր ոլորտում գյուղացին խնդիր չունի:

– Չկա այդպիսի ոլորտ, որտեղ գյուղացին խնդիր չունենա: Գյուղնախարարությունը չի օգնում: Ցանկացած լրագրող, եթե իմ ասածին չի հավատում, թող գնա՝ գյուղի բնակիչներին, ոչ թե՝ գյուղապետերին, հարցնի` գյուղացին գո՞հ է գյուղնախարարի աշխատանքից, տված օգնությունից: Բոլորը միաբերան կասեն, որ նման գյուղնախարար չի լինում:

– Ի՞նչ տեսակի գյուղմթերք է մթերվում Հայաստանում, և ի՞նչ է արտահանվում:

– Արտահանվում է ծիրան, դեղձ, խաղող: Հիմնականում երկրից այս մրգերն են դուրս գալիս: Որոշակի քանակությամբ արտահանվում է նաև կեռասը: Իսկ բանջարեղենի պարագայում, ես չեմ լսել, որ բանջարեղեն արտահանվի: Հիմնականում իրացումն այստեղ է կատարվում:

– Ունե՞նք բերքի լճացում, և ո՞ր սեզոնին է գյուղմթերքը լճանում:

– Կարտոֆիլ չենք կարողանում իրացնել, կաղամբ: Չգիտեմ` պոմիդորն ինչպե՞ս կլինի: Սեզոնի վերջում պարզ կլինի, թե ի՞նչ է մթերվել, և ո՞ր մշակաբույսն իրացնելու խնդիր ունենք:

– Մինչ գործարանների մթերումը գյուղացին թափում է իր մշակած բանջարեղենը, քանի որ չի իրացվում: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի բերքի սեզոնային կորուստ չգրանցվի:

– Սովետական տարիներին բերքի իրացումը շատ լավ էր կատարվում: Պլանավորված էր, թե որ գյուղն ինչ մթերք է արտադրելու: Արդեն պարզ էր, թե գյուղացին, օրինակ, 1 հա-ից որքա՞ն բերք կստանա: Այդ ընդհանուր բերքը բաշխվում էր ազգաբնակչության մեջ: Դա պլանաչափ կատարվում էր: Հիմա շատ վատ, ոչ պլանաչափ և անկանոն է դա արվում: Գյուղացին է մտածում` որ տարին ինչ կարելի է ցանել: Ինքն է որոշում` այս տարի ավելի շատ սոխ ցանե՞լ, թե՞ չցանել: Եթե այդ տարի սոխի շատ արտադրություն է գրանցվում, առաջանում է իրացման խնդիր: Մյուս տարի մեկ այլ մշակաբույս են համատարած մշակում: Նույն վիճակը գրանցվում է նաև մյուս տարի: Չկա համակարգվածություն: Սերգո Կարապետյանը հայտարարում է, թե գյուղացին ինչ էլ արտադրի` կմթերվի: Գյուղացին արտադրում է, իսկ երբ իրացման խնդիր է առաջանում, նույն գյուղնախարարը չի կարողանում պատասխանել, թե ինչո՞ւ չիրացվեց գյուղացու ապրանքը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս