«Տարբեր մարդկանց, որոնք շահարկում են այդ թեման, քաղաքական դիվիդենտներ են շահում դրա վրա, կհորդորեմ ուշքի գան»
«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը և նույն կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան հայ-ադրբեջանական հակամարտության վերջին զարգացումներին։
«Եթե մի փոքր դադար կար ռազմատենչ հռետորաբանության, այդ դադարն արդեն ավարտվել է. մոտավորապես փետրվարից սկսած էլի սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի կողմից»,- ասաց Վրթանեսյանը։
Ադրբեջանի զորավարժությունների վերաբերյալ Կ. Վրթանեսյանը նշեց, որ «ռազմական ոլորտում որևէ բան չի փոխվել վերջին տարիների ընթացքում. ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է մարտական պատրաստությունը»։
Հայկ Խաչիկյանը հավելեց, որ հակառակորդի կողմից շատ կոնկրետ սցենարներ են խաղարկվում Արցախի դեմ ռազմական գործողությունների համար՝ տարբեր կորպուսների մակարդակով։
168.am-ը հետաքրքրվեց, թե հակառակորդի ակտիվության ֆոնին ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանում հնչող պառակտման կոչերը, դավադրությունների մասին տարբեր հայտարարությունները, ինչին ի պատասխան՝ բանախոսները թվարկեցին վտանգավոր հետևանքները։
«Սա ոչ միայն անհեթեթություն է, այլև՝ ծայրահեղ վտանգավոր, որովհետև հիմա փաստացի ադրբեջանական քարոզչությունը շատ հարմար ձևով օգտվում է պահից. ամբողջ ադրբեջանական մամուլը հեղեղված է նյութերով, որոնց հիմքն այդ թեզն է ՝ Հայաստանն ու Արցախը պառակտվում են, որևէ պարագայում չի կարելի Ադրբեջանին թույլ տալ մտածել, որ ինքն ունի որևէ շանս՝ Հայաստանի ներքին ճգնաժամի հետևանքով հասնել հաջողության։
Բոլորս ապրում ենք այս երկրում։ Երբ Ադրբեջանը հարձակվի, սկսի պատերազմ, անկախ բնակվելու վայրից՝ տուժելու ենք բոլորս, զգալու ենք մեր մաշկի վրա։ Տարբեր մարդկանց կհորդորեմ, որոնք շահարկում են այդ թեման, քաղաքական դիվիդենտներ են շահում դրա վրա, ուշքի գան»,- ասաց Ա. Էլիբեգովան։
«Հանգիստ նստեք տեղներդ»,- Էլիբեգովայի միտքը շարունակեց Վրթանեսյանը և հավելեց, որ Ադրբեջանում շատ ուշադիր հետևում են. և գուցե ոչ միանգամից, բայց մի քանի ամսից նմանատիպ հայտարարությունները կարող են մեր դեմ օգտագործվել նաև միջազգային հարթակներում։
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն էլ նշեց, որ Հայաստանում ընթացող քաղաքական հայտարարություններն Ադրբեջանում որսում են ու սկսում շահարկել։
«Այսինքն՝ պատասխանատվությունն ինչ-որ հավանական գործողության դնում են հայկական կողմի վրա։ Մեզ ուշադիր հետևում են ու գործում են», – ասաց Խաչիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան