«Մենք չենք ունեցել, չունենք և չենք էլ ունենալու որևէ միտում՝ լրագրողների գործունեությունը սահմանափակելու կամ խոչընդոտելու համար». «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմեց խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին։

«Դիմում եմ ձեզ «Իմ քայլը» խմբակցության անունից և նաև՝ որպես նախկին գործընկեր, վերջին օրերին կարդում և լսում ենք ձեր մտահոգությունները՝ կապված ձեր գործունեության սահմանափակման՝ մեր առերևույթ մտադրությունների մասին։ Ցանկանում եմ փարատել ձեր մտահոգությունները և վերահաստատել, որ «Իմ քայլը» խմբակցության համար գործունեության հրապարակայնությունը սկզբունքային է և մնալու է այդպիսին։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք չենք ունեցել, չունենք և չենք էլ ունենալու որևէ միտում՝ լրագրողների գործունեությունը սահմանափակելու կամ խոչընդոտելու համար»,- ասաց Խանդանյանը։

Ըստ նրա՝ ԱԺ դահլիճում նստած են մարդիկ, որոնք տարիներ շարունակ լրագրողներից շատերի կողքին պայքարել են ՀՀ-ում՝ հանուն ազատ մամուլի և ընդդեմ խոսքի սահմանափակումների.

«Եվ այժմ, երբ այս ազատությունների և իրավունքների մասով Հայաստանն ունի աննախադեպ իրավիճակ, անհեթեթ է մտածել, որ այդ մարդիկ որևէ կերպ կընկրկեն և թույլ կտան սահմանափակել ձեր գործունեությունը։ Սիրելի՛ լրագրողներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր գործունեության համար և վերահաստատել, որ խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, մամուլի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, հանրային իշխանության բաց և հրապարակային գործունեությունը Հայաստանում այլընտրանք չունի»։

Տեսանյութեր

Լրահոս