ԵԱՏՄ-ն նոր հնարավորություններ է բացում անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Նուր-Սուլթանում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Կազինֆորմ» գործակալությունը, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում:
«Պետք է նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը գնալով զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործընկերների շրջանակը:
«Հիմա արդեն ուժի մեջ է մտնելու Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, արդեն ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հերթական անգամ ընդգծել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերակատարումը՝ ինտեգրացիոն այս նախագծի ստեղծման հարցում: «25 տարի առաջ Նուրսուլթան Աբաշևիչն առաջարկել է Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը և 5 տարի առաջ այն կյանքի է կոչվել: Հայաստանի կառավարության նպատակն է աշխատել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ուղղությամբ, դարձնել այն ավելի արդյունավետ և ավելի գրավիչ մեր միջազգային գործընկերների համար: Ես վստահ եմ, որ այսօր մեր որոշումները կնպաստեն զարգացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: