Ոստիկանությունը լավագույն դեպքում բախումներն է կարողանում վերահսկել
«Ճիշտն ասած` խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան մասշտաբային, համահանրապետական մակարդակի ընտրակեղծիքներին որևէ կերպ չարձագանքելը կամ ընդամենը փոքրիկ դեպքերի գնահատականը` այն էլ դատարաններում, ցույց է տալիս, որ ոստիկանությունը լավագույն դեպքում ընդամենը բախումներն է կարողանում վերահսկել, իսկ ընտրությունների օրինական ընթացքը` ոչ»,- 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՀ ոստիկանության կողմից սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ «համակարգող խումբ» ստեղծելու մասին տեղեկությունը, ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Ես անձամբ լուրջ հույսեր չունեմ, որ ոստիկանների գործողությունները կանխարգելիչ են լինելու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելը և այլ տեսակի խախտումները չեզոքացնելու հարցում»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «ՀՀ ոստիկաապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ»: