Բաժիններ՝

Հայկ Մարությանը «Սանիթեք»-ին հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը ևս մեկ անգամ հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները, բերել նոր աղբամաններ, ապահովել աղբամանների անհրաժեշտ քանակ: Մարությանն այս մասին խոսել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել: Իրապես, բացի նոր բերած 200 աղբամաններից, ես քաղաքում չտեսա մի աղբաման, որը կարող էինք թողնել: Բոլորը փոխելու ենթակա են: Մենք ձեզանից ունենք նամակ, համաձայն որի 1500 աղբաման պետք է բերվեր և կար ստույգ գրաֆիկ դրա հետ կապված: Եվս մեկ անգամ կհորդորեմ, որ բերեք նոր աղբամաններ, նոր ավտոմեքենաներ, որպեսզի կարողանաք սպասարկել Երևանը: Այս պարկով, այս աղբամաններով Երևանը հնարավոր չէ բավարար կերպով սպասարկել»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետին զեկուցել են, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը: Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի ևս առնվազն 20 աղբատար:

Քաղաքապետ Մարությանը հերթական անգամ հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները, թարմացնել ավտոպարկն ու ապահովել աղբամանների անհրաժեշտ քանակը:

Զեկուցվել է նաև, որ աղբատար մեքենաների բնականոն և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ:

«Կարծում եմ՝ սա լավագույն այն օրինակն է, թե քաղաքային իշխանություններն ինչպես են ստեղծում պայմաններ, որպեսզի բոլոր ընկերություններն աշխատեն հանգիստ և նորմալ: Խոսքը միայն «Սանիթեք» ընկերության մասին չէ, կան հարյուրավոր ընկերություններ, որոնք օգտվում են աղբավայրից», – ասել է քաղաքապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս