Բաժիններ՝

«Ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջև». Վալերի Օսիպյան

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ղեկավար կազմը։

Վալերիյ Օսիպյանը նախ վերլուծեց այս տարվա հինգ ամիսների ընթացքում գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ արդյունքը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի հետ։ Ոստիկանության պետն առանձնացրեց հանրորեն վտանգավոր մի շարք հանցագործություններ՝ հանձնարարելով ակտիվացնել պայքարը դրանց կանխարգելման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց՝ շարունակելու է հետևողականորեն պահանջել, որ գլխավոր վարչությունների աշխատակիցները անթերի կատարեն իրենց պարտականությունները։

Ոստիկանության պետը հանձնարարեց ավելի ակտիվացնել  համագործակցությունը տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ փաստելով, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունները օպերատիվ աշխատանքների ճիշտ կազմակերպման ու իրականացման ազդակ են։

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ եղավ անչափահասների մասնակցությամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման աշխատանքներին, որոնց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ Վալերիյ Օսիպյանը հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ ոստիկանության պետը մատնանշեց նաև որոշ բացթողումներ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար ևս տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

«Մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռնված անկաշկանդ կյանքի կոչելու օրենքով մեզ վերապահված պարտականությունները։ Ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջև ու նաև մենք պետք է բարեխիղճ ծառայությամբ թույլ չտանք, որ այս սկզբունքը ոտնահարվի»,- ամփոփեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս